Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիր. այդ աղտոտվածության մի ստվար հատված մարդածին չէ. Ավինյան

Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիր: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով, օդի աղտոտվածության պատճառների մեծ մասը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, սակայն կան նաև մարդածին գործոններ՝ շինարարությանը, հանքերին, տրանսպորտին, ջեռուցմանը, աղբավայրին վերաբերող:

«Մեր հիմնական խնդիրը լինելու է մարդածին հատվածի վերաբերյալ նոր կարգավորումներ մտցնելը, և այստեղ պետք է լինենք պրոակտիվ՝ անկախ նրանից, թե դա մեր ֆունկցիան է, թե` օրենսդրական փոփոխություն։ Սա մեր պատասխանատվությունն է, մենք ենք հանձն առնում այս ծրագիրն առաջ տանելու, նաև՝ գործընկերների հետ աշխատելու և իրենց կարծիքը հաշվի առնելով՝ առաջ գնալու»,- ասաց նա։