Հովիկ Աղազարյանի կուսակցության՝ ՄԱՍԿ-ի հիմնադիր համագումարը
Երևանում այսօր՝ փետրվարի 8-ին, տեղի է ունենում ԱԺ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հիմնած Միասնական ազգային սահմանադրական կուսակցության համագումարը:
Համագումարի ընթացքում տեղի կունենա Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն, կուսակցության հիմնադրման մասին որոշման ընդունում, ելույթներ, ծրագրի հաստատում, կանոնադրության հաստատում, կուսակցության պետական գրանցման համար անձանց լիազորելու որոշում, վարչության և վերահսկող հանձնաժողովի անդամների թվի հաստատում, վարչության և վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրություն, վարչության նախագահի ընտրություն:
Աղազարյանը դեկտեմբերի 4-ին հեռացվել էր ՔՊ կուսակցությունից: Որպես Աղազարյանի հեռացման պատճառ՝ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։
Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարեց, որ մերժում է վարչապետի խնդրանքը և վայր չի դնի պատգամավորական մանդատը։

