Դեմ ենք ցանկացած ճանապարհի, որը կներառի միջանցքի տրամաբանություն. Հայաստանում Իրանի դեսպան

«Ադրբեջանական կողմին առաջարկեցինք նոր կետով շարունակել իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան։ Նոր ճանապարհի կառուցումից հետո, ադրբեջանական բեռնատարները կարող են նոր երթուղով հասնել Նախիջևան, որի երկարությունը 50 կմ է»,- այսօր ասուլիսում ասաց  ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա նշեց, որ այդ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, ամբողջովին գտնվում է Իրանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ներքո, և մաքսային կանոնակարգերը իրականացվում են Իրանի օրենսդրությամբ։ Դա տրանսպորտային երթուղի է։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը՝ Մեհդի Սոբհանին ասաց, որ դեմ չեն դրան, եթե այն իրականացվում է երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ներքո։

«Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։

Ցանկացած ճանապարհի, որը կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դեմ ենք»,- հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը։