Սանտորինիում գրանցվել է վերջին օրերի ամենաուժեղ երկրաշարժը
Հունական հայտնի առողջարանային Սանտորինի կղզու մոտ, որտեղ վերջին օրերին սեյսմիկ ակտիվություն է նկատվում, երեքշաբթի՝ փետրվարի 4-ին, գրանցվել է վերջին օրերի ամենաուժեղ երկրաշարժը։ Սանտորինիի և Ամորգոս կղզու միջև գրանցվել է 5,1մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ից հետո: Այն ամենաուժեղն է մի տարածքում, որտեղ վերջին օրերին նկատվում է ինտենսիվ սեյսմիկ ակտիվություն։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշում է, որ ընդհանուր առմամբ, վերջին երեք օրվա ընթացքում մոտ 550 ցնցում է գրանցվել Սանտորինիի, Ամորգոսի և հարակից Իոս կղզու միջև ընկած ծովային տարածքում։ Դրանք շարունակվել են գրանցվել ողջ երեքշաբթի։
Սանտորինիում սեյսմիկ ակտիվության աճը ստիպել է փակել դպրոցները, հարյուրավոր մարդիկ արդեն լքել են կղզին:
Սանտորինի կղզու հրաբխային պատմություն
Վերջին անգամ Սանտորինի կղզում հրաբխի ժայթքում, որը գտնվում է Էգեյան ծովում մայրցամաքային Հունաստանից մոտ 200 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել մ.թ.ա. մոտ 1600 թվականին: Ժայթքումից հետո կղզու մոտ 73 քառակուսի կիլոմետրը ջրի տակ է անցել։ Սանտորինիի կալդերան, որը ձևավորվել է մարդկության պատմության ամենահզոր ժայթքումներից և ուր կարելի է հասնել կղզուց նավի միջոցով՝ ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մեկն է՝ իր սև տեսքի պատճառով: Այսօր Կալդերայի մեծ մասը գտնվում է ջրի տակ։ Հրաբխային ժայթքման արդյունքում ձևավորված հրաբխային ռելիեֆը կոչվում է «կալդերա»:
Երկրաշարժ 1956 թ․
1956 թվականին Սանտորինի կղզում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 53 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Ցնցումները մոտ 25 մետր բարձրությամբ ցունամի են առաջացրել։
Նմանատիպ ակտիվություն վերջին տարիներին
Նմանատիպ սեյսմիկ ակտիվություն Էգեյան ծովի նույն տարածաշրջանում նկատվել է 2011-2012 թվականներին, սակայն այդ սեյսմիկ ակտիվության արդյունքում, որը տևել է 14 ամիս, ոչ մի ուժեղ երկրաշարժ տեղի չի ունեցել:

