Վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է. Ավինյան
«Միասնական տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր, բավական բարդ փուլերով ենք անցել, և ես իրապես շատ ուրախ եմ, որ մենք ընդհանուր մեկ էջի վրա ենք, հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, ինչի համար է տեղի ունենում։ Միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում»,- Երևանու ավագանու գործակարգավարական խորհրակցությանն ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա շնորհակալություն է հայտնել վարորդներին՝ համբերատարության համար. «Կարծում եմ՝ այս ընթացքը շատ կարևոր է փոփոխությունների տեսանկյունից։ Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն, և իմ գնահատմամբ՝ հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, ինչն էլ բացարձակապես ձախողվեց։ Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է։ 100 դրամների համակարգով ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք դրա որակը»։
Հիշեցնենք, որ քաղաքացիները երրորդ օրն է՝ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը:
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։

