Փաշինյանը ներկայացրել է սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պայմանավորվածության պատճառը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, որ տրամաբանական կլիներ սահմանազատումը սկսել հարավից՝ վարչապետն ասաց՝ չի կարող ասել, թե պատգամավորի նշած որևէ տարբերակ վատն է:

«Բայց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այնպիսի հատված չկա, որ մենք ասենք՝ չենք սահմանազատում, մեզ սահմանի ուրիշի հատված է պետք»,–նշեց նա:

Անդրադառնալով հյուսիսային մասից սահմանազատումը շարունակելու պայմանավորվածությանը՝ նա ասաց. «Այդ հատվածում մենք արդեն ունենք մի քանի հատվածական սահմանազատում: Կիրանցի հատվածի մի հատվածն է սահմանազատված: Ունենք սահմանազատված կտորներ, որոնք անվտանգության երաշխիք են: Մենք ուզում ենք այդ կտորները դարձնել մոնոլիտ, ամբողջական, որ հատվածական չլինի»: