Արցախյան երկրորդ պատերազմից հետո Իսրայելն ավելի շատ զենք է մատակարարում Ադրբեջանին․ ադրբեջանական կայքի հոդվածը

Ադրբեջանական ընդդիմադիր համարվող «Meydan.tv» կայքը օրեր առաջ մի հոդված էր հրապարակել, որը Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը ներկայացնում է հայերեն թարգմանությամբ՝ առանց բառ փոխելու։

«Երկրորդ արցախյան պատերազմից հետո Իսրայելն ավելի շատ զենք է մատակարարում Ադրբեջանին

Դատելով մատակարարումների ծավալներից, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի։

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին: Հարցազրույցում շոշափվել են բազմաթիվ հարցեր, ներառյալ Հայաստանին ուղղված սպառազինման մեղադրանքները և պետության ղեկավարի սպառնալիքները: Ալիևի ելույթից հակիրճ մեջբերումներ.

«Հայաստանում ընթացող սպառազինման գործընթացը նոր սպառնալիքի գործոն է: Մենք չենք կարող կողքից դիտել և ոչինչ չանել: Ադրբեջանի պետական բյուջեի զգալի մասը կծախսվի ռազմական և անվտանգության հարցերի վրա։ … Հայաստանում սպառազինությունների մրցավազքը մեզ ստիպում է, հիմնական հարցերի հետ մեկտեղ, ֆինանսական ռեսուրսներ ուղղել նաև ռազմական հարցերին: Հայաստանը չի կարող մրցակցել մեզ հետ սպառազինությունների մրցավազքում: Հայաստանի սպառազինումը պարզապես կհանգեցնի նոր լարվածության… Զանգեզուրի միջանցքը պետք է և կբացվի: Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ: Նրանք չպետք է մեզ նյարդայնացնեն…»:

Մենք փորձեցինք պարզել, թե վերջին տարիներին ինչպես է Ադրբեջանի սպառազինման իրավիճակը: Այս տարի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի հոդվածն աճել է 18 տոկոսով. պետական բյուջեից դրա համար հատկացվել է շուրջ հինգ միլիարդ դոլար:

Եվ ահա արդեն 25 տարի է, ինչ Իսրայելը ռազմավարական դաշինքի մեջ է Ադրբեջանի հետ՝ միլիարդավոր դոլարների զենք վաճառելով Բաքվին: Փոխարենը Ադրբեջանը 90-ականներից նավթ է մատակարարում Իսրայելին: Փորձագետների գնահատմամբ՝ 2016-2020 թվականներին Իսրայելի բաժինը կազմել է Ադրբեջան զենքի մատակարարումների մոտ 70 տոկոսը:

Երկրորդ արցախյան պատերազմից հետո հայտնի իսրայելական «Haaretz» թերթում հոդված է հրապարակվել «Իսրայելական ավիաբազայից 92 չվերթը պատկերացում է տալիս Ադրբեջան զենքի արտահանման ծավալների մասին»: Պաշտոնական տվյալների համաձայն՝ տարիներ շարունակ Ադրբեջանը Իսրայելից գնել է բալիստիկ հրթիռներ, ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, անօդաչու կամիկաձեներ և շարունակում է գնել ավելի ու ավելի կատարելագործված մարտական համակարգեր և սպառազինություն:

Մեզ նաև հաջողվել է պարզել, որ ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության բեռնատար ինքնաթիռները թռել են Իսրայելի Օվդա ռազմաօդային բազայից՝ Էյլաթի հյուսիսում, թռել են Իսրայելի և Թուրքիայի վրայով, այնուհետև վայրէջք կատարել Բաքվում: 2024 թվականին եղել է 25 նման չվերթ: Համեմատության համար՝ 2016 թվականին այդպիսի թռիչքները ութն էին, 2018-ին՝ 11, իսկ 2020 թվականի երկրորդ արցախյան պատերազմի ժամանակ՝ 26: Վերջին ինը տարիների ընթացքում այդպիսի չվերթները եղել են 135-ը:

Բաց աղբյուրների տվյալներով, այդ թվում՝ ըստ Flightradar24.com կայքի, անցյալ տարի Բաքվում վայրէջք են կատարել ավելի քան քառասուն բեռնատար ինքնաթիռներ, որոնք զենք էին տեղափոխում Իսրայելից, Պակիստանից, Իտալիայից, Սերբիայից և Բուլղարիայից:

Նայելով մատակարարումների ծավալներին՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի: Կողմերի՝ տարբեր պատրվակներով խաղաղության համաձայնագիր չստորագրելը, Իրանի հետ փչացած հարաբերությունները և տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումը ցույց են տալիս, որ այստեղ չի կարելի բացառել նոր ռազմական գործողությունների հնարավորությունը:

Ի դեպ, Իլհամ Ալիևի ելույթից հետո Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 2020 թվականի պատերազմից հետո առաջին անգամ սոցիալական ցանցերում տեղադրել է «Մեր կամքը երկաթյա է, մեր ուժը՝ անպարտելի» վերնագրով տեսահոլովակ: Սա, թերևս, նույնպես կարելի է դիտարկել որպես ուղերձ»։