Կոչ եմ անում՝ այդ մարդկանց քաղբանտարկյալ չասել. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում գերեվարվածների մասին
«Խաղաղության պայմանագրի մեջ Սահմանադրության վերաբերյալ կետ չկա, և նման քննարկում գոյություն չունի։ Մնացած երկու կետերի վերաբերյալ, որոնց մասին Բայրամովն ասել է, բանակցությունները կշարունակենք, և ես կարծում եմ, որ պետք է արձանագրենք, որ շատ դրական է այն փաստը, որ հակառակ կողմը նույնպես նշում է՝ մնացել է երկու կետ, որոնք պետք է քննարկվեն»,- այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դուք հիշու՞մ եք՝ մենք ինչից էինք սկսում։ Նոյեմբերի 9-ից հետո ակնկալվում էր նոր պատերազմ, մենք կարողացանք ինչ-որ ձևով կառավարել, կարողացանք հասնել այն բանին, որ ունենք մեկ տասնյակից ավելի համաձայնեցված կետեր, դա շատ մեծ հաղթանակ է երկու կողմերի համար։ Ունենք երկու երկրների միջև կնքված առաջին իրավական փաստաթուղթը, ինչն աննախադեպ է։ Ունենք դելիմիտացված սահման, ունենք համաձայնություն՝ այդ սահմանազատման գործընթացը շարունակելու։ Սրանք բաներ են, որոնց հետ հաշվի չնստելն ուղղակի անհնար է»,–ասաց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է «Խաղաղության պայմանագրում» գերիների վերադարձի վերաբերյալ կետի ներառումը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նման կետի ներառումը այս պահի դրությամբ չեմ տեսնում, որովհետև դա առանձին հարց է, որով անընդհատ զբաղվում ենք։ Մենք 150-ից ավելի գերիներ ունենք, հիմա ունենք հաստատված 23 գերի, որոնցից 11-ը Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Ի դեպ, մեր որոշ գործընկերների կոչ եմ անում զերծ մնալ սխալ ձևակերպումներից և այդ մարդկանց չասել քաղբանտարկյալ։ Ասել քաղբանտարկյալ, նշանակում է չհասկանալ այդ բառի իմաստն ու այդ մարդկանց համարել այդ երկրի քաղաքացի, որոնց հետապնդում են»։

