Արայիկ Հարությունյանը և Հնդկաստանի դեսպանն արծարծել են կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտների հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները ողջունել են երկկողմ հարաբերությունների համակողմանի խորացման ու զարգացման ընթացիկ դինամիկան և արձանագրել, որ առկա ներուժն անհրաժեշտ է լավագույնս իրացնել և Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել:

Հանդիպման ընթացքում արծարծվել են փոխգործակցության ընդլայնման, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ հարցեր:

Ըստ աղբյուրի՝ կարևորվել է նաև երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: