ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ

Կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և  անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

ԵՄ գլխավոր խոսնակը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Անիտա Հիպերը շեշտել է՝ կողմերին խրախուսում են շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները ոչ միայն սպառնալիք են ներկայացնում ՀայաստանԱդրբեջան սահմանին ԵՄ մոնիթորինգային առաքելությանը, այլև մարտահրավեր են նետում Եվրոպական միության հիմնարար սկզբունքներին և անվտանգությանն առհասարակ։ Ինչպե՞ս է ԵՄն պատրաստվում արձագանքել այսպիսի սադրանքներին և ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվելու տարածաշրջանային կայունությունն ապահովելու և ԵՄի հիմնարար արժեքները պաշտպանելու համար։

-ԵՄ-ն մշտապես կոչ է անում կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել խաղաղության գործընթացին։ Մասնավորապես, մենք մեծապես կարևորում ենք խուսափումը սուր հռետորաբանությունից և կողմերին խրախուսում ենք աշխատել փոխադարձ ընդունելի լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար կայուն և խաղաղ ապագայի ստեղծման նպատակով։

ԵՄ-ն շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը երկու կողմերի հետ, ներառյալ՝ կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցությունները, ինչպես նաև նախորդ տարվա դրական զարգացումները երկկողմ համագործակցության ոլորտում։ Մենք խրախուսում ենք կողմերին շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։ Այս ուղերձը վերջերս կրկնվել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոյի կողմից՝ Բաքու և Երևան այցերի ընթացքում, որտեղ նա հանդիպել է երկու երկրների ղեկավարության հետ։ Նույն ուղերձը վերահաստատվել է Եվրոպական խորհրդի նախագահ Կոստայի կողմից՝ 2025թ․ հունվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

Ադրբեջանի շարունակական ագրեսիան Հայաստանի դեմ և Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության տեղահանությունը լուրջ մտահոգություններ են առաջացնում մարդու իրավունքների և տարածքային ամբողջականության առումով։ Ի՞նչ գործնական քայլեր է ԵՄն պատրաստվում ձեռնարկել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և այս խախտումներին արձագանքելու ուղղությամբ։

-ԵՄ-ն վերջին տարիներին աջակցում է երկու կողմերին կարգավորման գործընթացում՝ ներառյալ տեղահանված բնակչության հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Մենք կրկին կոչ ենք անում կողմերին բարի կամքով բանակցել չլուծված բոլոր հարցերի շուրջ և երկու կողմերի հետ էլ շարունակելու ենք մեր երկխոսությունը այս հարցերի վերաբերյալ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։