Պանամայի նախագահը հայտարարել է, որ Թրամփի սպառնալիքների պատճառով կարող է դիմել ՄԱԿ-ի ԱԽ

Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հայտարարել է, որ կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակի «սպառնալ իր երկրին»: Այս մասին Politico պարբերականին հայտնել է Պանամայի նախկին առաջնորդ Էռնեստո Բալյադարեսը։

Նախկին նախագահի խոսքով՝ պարոն Մուլինոն նման հնարավորությունը չի բացառել հունվարի 8-ին Պանամայի նախագահական պալատում «մասնավոր կարգի» զրույցի ընթացքում: Միևնույն ժամանակ, պետության գործող ղեկավարը նախատեսում է սպասել Դոնալդ Թրամփի երդմնակալությանը՝ նախքան որևէ բան ձեռնարկելը:

Անցյալ տարվա վերջին Դոնալդ Թրամփը Պանամայի իշխանություններից պահանջել էր նվազեցնել Պանամայի ջրանցքով ամերիկյան ռազմական և առևտրային նավերի անցման տարանցիկ վճարները: Հակառակ դեպքում, ինչպես կարծում է պարոն Թրամփը, Պանաման պետք է վերադարձնի ջրանցքն ԱՄՆ-ին։ Խոսե Ռաուլ Մուլինոն հայտարարել է, որ Թրամփին զիջումների չի գնա Պանամայի ջրանցքով ամերիկյան նավերի անցման վճարի նվազեցման հարցում: