Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղին կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև. Ղրղզստանի նախագահ
Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղին կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը դեկտեմբերի 27-ին Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման մեկնարկի արարողության ժամանակ, տեղեկացրել է Tazabek-ը։
Ժապարովի խոսքով՝ նոր երկաթուղին ոչ միայն ռազմավարական օբյեկտ կլինի, այլև կապող օղակ։
«Չինաստան-Ղրղզստան Ուզբեկստան նոր երկաթուղային միջանցքը կդառնա Եվրասիական մայրցամաքի հարավային կամրջի ճյուղը և ելք կբացի դեպի Արևմտյան Ասիայի և Մերձավոր Արևելքի շուկաներ։ Այս երթուղին թույլ կտա Չինաստանից բեռնափոխադրումներ կատարել Ղրղզստան և Կենտրոնական Ասիա, իսկ այնտեղից Թուրքիա և այնուհետև Եվրամիություն։ Նախագիծը կծառայի տարածաշրջանային կապերի ամրապնդմանը և տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմանը, ինչը կբարձրացնի տարածաշրջանի մրցունակությունը՝ որպես տրանսպորտային տարանցիկ հանգույցի»,- նշել է նա։
Ժապարովն ավելացրել է, որ երկաթուղին կարագացնի Ղրղզստանի տնտեսական աճը և կամրապնդի երկրի դիրքերը որպես Եվրասիայում տարանցման հանգույցի։

