Իրանի նոր մոտեցումը տարածաշրջանային անվտանգությանը. MWADA
Mediamax-ը գրում է.
«Ներկայացնում ենք Իրանի փոխնախագահ, Իրանի նախկին արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ The Economist պարբերականում հրապարակված A new Iranian approach to regional security and prosperity հոդվածի հայերեն թարգմանությունը:
Մոհամադ Ջավադ Զարիֆ
Որպես միջազգային հարաբերությունների մասնագետ, որը տասնամյակներ շարունակ համաշխարհային դիվանագիտության առաջնագծում է, ես գրում եմ այդ հոդվածը ոչ թե որպես Իրանի կառավարության ներկայացուցիչ, այլ բացառապես իմ անձնական կարգավիճակով:
Փորձս ինձ սովորեցրել է, որ Արևմտյան Ասիայում, մասնավորապես, Պարսից ծոցի տարածաշրջանում, կայունության հասնելու համար անհրաժեշտ է ավելին, քան պարզապես ճգնաժամի կառավարում: Այն պահանջում է համարձակ, հեռատես նախաձեռնություններ: Ես առաջարկում եմ ստեղծել Մահմեդական Արևմտյան Ասիայի երկխոսության ասոցիացիա (MWADA) ՝ որպես այս վերափոխման հասնելու մեխանիզմ:
MWADA-ն հրավիրում է Արևմտյան Ասիայի բոլոր հիմնական մահմեդական երկրներին՝ Բահրեյնին, Եգիպտոսին, Իրանին, Իրաքին, Հորդանանին, Քուվեյթին, Լիբանանին, Օմանին, Քաթարին, Սաուդյան Արաբիային (դրա ապագա կառավարությանը), Սիրիային, Թուրքիային, Արաբական Միացյալ Էմիրություններին և Եմենին համապարփակ բանակցություններ վարել։ Կարող են մասնակցել նաև ՄԱԿ-ի համապատասխան բանագնացները: Այս նախաձեռնությունը պետք է հիմնված լինի մեր ընդհանուր կրոնի՝ իսլամի վեհ արժեքների և ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, չմիջամտելու և հավաքական անվտանգության սկզբունքների վրա։ Mwada-ն (ինչը նշանակում է «բարեկամություն» արաբերենով՝ մեր հավաքական աղոթքների լեզվով) պետք է նպատակաուղղված լինի խաղաղ գոյակցության և հավասար գործընկերության խթանմանը:
Հիմնական առաջնահերթությունը Գազայում, Լիբանանում, Սիրիայում և Եմենում կայուն, մշտական հրադադարի անհապաղ հաստատումն է։ MWADA-ն՝ պետությունների միջև չհարձակման պայմանագիրը, զուգորդված հավաքական տարածաշրջանային մոնիտորինգով, կօգնի ինստիտուցիոնալացնել կայունությունը և պաշտպանել տարածաշրջանը արտաքին միջամտությունից, ինչպես նաև ներքին բախումներից:
Տնտեսական ինտեգրումը նույնպես կենտրոնական տեղ է զբաղեցնում այս տեսլականում: Արևմտյան Ասիայում փոխկախվածության բացակայությունը բխում է մասնատված առևտրային ցանցերից, անբավարար ուշադրությունից ներտարածաշրջանային բանկային և վճարային մեխանիզմների զարգացմանը, քաղաքական մրցակցությունից և արտաքին շուկաներից կախվածությունից:
Առաջարկվող MWADA Զարգացման հիմնադրամը կֆինանսավորի կարևոր ենթակառուցվածքային ծրագրերը, հատկապես ավերված հետկոնֆլիկտային շրջաններում: Բացի այդ, Սիրիայում կառավարման բարեփոխումները, որպես տնտեսական աջակցության հիմք, կխթանեն հաշվետվողականությունը և հիմք կդնեն անվտանգ և կայուն երկրի համար, որտեղ կբարգավաճեն կանայք ու փոքրամասնությունները:
Սիրիան Ասադից հետո մեծ մարտահրավեր է բոլորիս համար։ Իսրայելի անզուսպ ագրեսիան, որն արհամարհում է Սիրիայի ինքնիշխանությունը, արտաքին միջամտությունը, որը խաթարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, բռնության ու դաժանության սարսափելի տեսարանները, որոնք հիշեցնում են «Իսլամական պետության» վայրագությունը, էթնիկ և աղանդավորական բռնությունը, որոնք կարող են հանգեցնել մեծ քաղաքացիական պատերազմի, պետք է լինեն MWADA-ի անհապաղ ուշադրության կենտրոնում։
Հումանիտար աղետը Պաղեստինում նույնպես կարևոր է տարածաշրջանային կայունության համար: MWADA-ն պետք է առաջնահերթություն տա պաղեստինցիների ինքնորոշմանը և աջակցի արդար լուծումներին՝ հարգելով ժողովրդի ձգտումները: Պետք է լինեն ոչ միայն քաղաքական լուծումներ, այլև տնտեսական հնարավորություններ և պաղեստինցիների իրավունքների ճանաչում։
MWADA-ն պարարտ հող կապահովի ենթակառուցվածքային նախագծերի համար՝ տրանսպորտից մինչև էներգետիկ խողովակաշարեր ու հեռահաղորդակցության ցանցեր: Դրանք հեշտացնում են ոչ միայն ապրանքների տեղաշարժը, այլև էներգիայի, տեղեկատվության և ծառայությունների փոխանակումը։ Մենք՝ Արևմտյան Ասիայում ապրողներս, պետք է հասկանանք, որ անկախությունը միահյուսված է համաշխարհային ավելացված արժեքի շղթայում երկրի մասնաբաժնի հետ:
Էներգետիկ անվտանգության երաշխիքները փոխադարձ կախվածության ևս մեկ հնարավորություն են տալիս։ Տարածաշրջանային էներգետիկ համաձայնագրերը պետք է ուղղված լինեն երթուղիների պաշտպանությանը և կայուն էներգետիկ ռեսուրսների հետազոտմանը: Իրանական բարձրավանդակը և MWADA համայնքի այլ տեղանքները, որոնք վիթխարի չօգտագործված ներուժ ունեն արևային էներգիայի և հողմակայանների տեսանկյունից, տնտեսապես իրագործելի են դարձնում մաքուր էներգիայի ոլորտում համագործակցությունը տարածաշրջանում և նույնիսկ դրանից դուրս:
MWADA-ն կարող է նաև ազդարարել նոր տարածաշրջանային համագործակցություն ազատ նավագնացության ոլորտում, ներառյալ համատեղ ծովային անվտանգության պարեկությունը: Տարածաշրջանում են ռազմավարական կարևորագույն կետերը՝ Հորմուզի նեղուցը, Սուեզի ջրանցքը և Բաբ ալ-Մանդաբ նեղուցը: Իրանը՝ իր աշխարհագրությամբ և անվտանգության փորձով, եզակի դիրք ունի՝ նպաստելու Հորմուզի նեղուցի նման ջրային ուղիների անվտանգությանը: Մյուսները կարող են առաջատար դեր խաղալ Սուեզի և Բաբ ալ-Մանդաբի ապահովման գործում: Շուրջ հինգ տարի առաջ Իրանի կողմից ներկայացված «Հորմուզի խաղաղության առաջարկը» կամ հույսը տարածաշրջանային նախաձեռնության նշանակալից օրինակ էր, որն ուղղված էր Հորմուզ համայնքում խաղաղության և կայունության ամրապնդմանը` միավորելով բազմաթիվ պետություններ: MWADA-ն կարող է նոր կյանք հաղորդել այդ առաջարկին՝ առաջին հերթին Իրանի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի միջև այսօր բարելավված հարաբերությունների շնորհիվ: Իրանի և Սաուդյան Արաբիայի՝ տարածաշրջանի ամենաազդեցիկ տերություններից երկուսի միջև համագործակցությունը վճռորոշ դեր կխաղա: Շիա և սուննի մահմեդականների միջև միասնությունն ու եղբայրությունը խթանելով՝ մենք կդիմակայենք ծայրահեղականությանը և աղանդավորական հակամարտություններին, որոնք մշտապես ապակայունացրել են տարածաշրջանը:
Միջուկային զենքից զերծ տարածաշրջանի ուղղությամբ աշխատելը և Իրանի միջուկային համաձայնագրի (ՀԳՀԾ) վերակենդանացումը այս տեսլականի կարևոր բաղադրիչներն են: Այս մոտեցումը ոչ միայն պետք է անդրադառնա միջուկային զենքի տարածմանը, այլև ամրապնդի խաղաղության և կայունության հավաքական հանձնառությունը: MWADA-ի շրջանակը պետք է նաև առաջնահերթություն տա համագործակցությանը մշակութային փոխանակումների, ջրի կառավարման, հակաահաբեկչության և մեդիա արշավների ոլորտում, որոնք նպաստում են համակեցությանը:
Իրանի դերը
Ինչպես մյուս մասնակիցները, Իրանն էլ անփոխարինելի դեր կունենա։ Անցած 45 տարիների ընթացքում իմ երկիրը ցուցաբերել է զգալի ճկունություն և ինքնաբավություն անվտանգության և պաշտպանության ոլորտում՝ գոյատևելով և նույնիսկ զարգանալով ոչ միայն առանց արտաքին աջակցության, այլ ի հեճուկս արտատարածաշրջանային տերությունների ճնշմանը։
Համատարած կարծիքը, որ Իրանը կորցնում է իր ուժը տարածաշրջանում, հիմնված է սխալ ենթադրության վրա, որ Իրանը հովանավորչական հարաբերություններ է ունեցել դիմադրության ուժերի հետ: Դիմադրության արմատները Իսրայելի կողմից արաբական հողերի օկուպացիան և իսլամական սրբավայրերի պղծումն է, ապարտեիդը, ցեղասպանությունը և հարևանների դեմ մշտական ագրեսիան: Այն գոյություն ուներ մինչև 1979 թվականի Իրանի հեղափոխությունը և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կան դրա հիմնական պատճառները: Այն Իրանին վերագրելու փորձը նպաստում է հանրային կապերի քարոզարշավի, բայց կխոչընդոտի խնդրի լուծմանը:
Ինչպես բոլոր ազգերը, Իրանը բախվել է մարտահրավերների և սխալ քայլեր արել: Իրանի ժողովուրդը, գնալով զգալի զոհողությունների, այժմ պատրաստ է համարձակ քայլեր ձեռնարկելու՝ տոկունությամբ և վստահությամբ։ Անցումը սպառնալիքներից դեպի հնարավորությունների վրա հիմնված հեռանկարը համահունչ է նախագահ Պեզեշքիանի (և իմ) տեսլականին, որն ուրվագծվել է անցյալ ամառ Իրանում նախագահական քարոզարշավի ժամանակ:
MWADA-ն մեզ կստիպի տարածաշրջանը տեսնել ոչ որպես մարտադաշտ, այլ որպես «մվադայի»՝ բարեկամության և կարեկցանքի կենտրոն, որը բնութագրվում է ընդհանուր հնարավորությունների և հավաքական բարգավաճման ձգտումով: Կարևոր է ներգրավվել բովանդակալից և անկեղծ խոսակցության մեջ, որոնք թույլ կտան կերտել ապագա, որը սահմանվում է համագործակցությամբ, համատեղ և կայուն զարգացմամբ, սոցիալական արդարությամբ, բարեկեցությամբ և նոր հույսով:
Արևմտյան Ասիան խաղաղության և համագործակցության փարոսի վերածելը իդեալիստական ձգտում չէ. դա և՛ ռազմավարական հրամայական է, և՛ իրագործելի նպատակ, որը պահանջում է միայն հանձնառություն, երկխոսություն և ընդհանուր տեսլական: MWADA-ն կարող է վերափոխման հարթակ դառնալ: Եկե՛ք օգտվենք այս հնարավորությունից՝ կառուցելու կայուն, բարգավաճ և խաղաղ Արևմտյան Ասիա, որտեղ կարեկցանքը, փոխըմբռնումը և համագործակցությունը կփոխարինեն տարաձայնություններն և պառակտումը:
Մեր կառավարությունների ներկայացուցիչները պետք է օգտվեն հնարավորությունից և սկսեն նայել դեպի ապագան, ոչ թե մնալ անցյալի գերին: Գործելու ժամանակը հիմա է»:

