Նիկոլը գիտի, որ իրական իր խնդիրը պատմության դատաստանն է
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․
«Նիկոլը փորձում է ձևացնել, որ իր կռիվը Հայաստանի երեք նախագահների հետ է, մինչ դեռ ինքն էլ գիտի, որ իրական իր խնդիրը պատմության դատաստանն է:
Նիկոլն ամեն օր արթնանում է մեր հինգ հազար զինվորների և Արցախի գերեզմանափորի խարանը ճակատին և սերունդների անեծքի բեռը վզին: Այդ խարանն ու անեծքը հետապնդելու են նրան մնացած իր ամբողջ կյանքում, և նա այս կյանքում այլևս ոչ մի ուրիշ գործ չի ունենալու, քան հայ ժողովրդի հանդեպ կատարած մեծ մեղսագործությունից մաքրվելու ու արդարանալու անհույս փորձերը:
Պատմության դատաստանի առջև PR-ակցիաները անզոր են: Անգամ եթե իր մտածված բանավեճում ոչ մի հաջողության չհասնի, նա հաշվել է, որ նման բանավեճի փաստն անգամ փրկօղակ է, որովհետև տպավորություն է ստեղծում, որ բանավիճելու բան կա:
Բանավիճելու ոչինչ, մինչդեռ, չկա:
Պատմությունն արձանագրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարմամբ Արցախն ազատագրվել է և հենց այդ նույն Փաշինյանի նշած 1994 թվականին ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ ստացել միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունքում` ոչնչացվել և հայաթափվել»: