«Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր

«Ժողովրդի իշխանություն» կուսակցությունը դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և ընդդիմադիր է դառնում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին ասել «Ժողովրդի իշխանության» առաջնորդ Գուրամ Մաչարաշվիլին։

«Մեր «Ժողովրդի իշխանությունը» որոշել է դուրս գալ խորհրդարանական մեծամասնությունից՝ դրանով  ազդարարելով Վրաստանում առողջ ընդդիմության գոյության սկիզբը, մենք ցույց կտանք մեր երկրի և նրա սահմանից դուրս գտնվող հասարակությանը, թե ինչպիսին պետք է լինի առողջ ընդդիմությունը։ Այն ուժը, որը խորհրդարանում պետք է լինի, որը իշխանություն չէ, բայց ցանկանում է աշխատել Վրաստանի շահերի համար»,- ասել է Մաչարաշվիլին։

«Ժողովրդի իշխանություն» կուսակցությունը խորհրդարան է մտել «Վրացական երազանք» քվոտայով։ Ընդհանուր առմամբ, երկու կուսակցություններն էլ խորհրդարանում ունեն 89 պատգամավորական մանդատ։ «Ժողովրդի իշխանությունն» ունի ութ պատգամավոր. այսպիսով, ընդդիմության գնալուց հետո իշխող մեծամասնությունը կունենա 81 պատգամավոր, ինչը բավարար է օրենքներ ընդունելու համար։

«Ժողովրդի իշխանությունը» նախորդ խորհրդարանում քաղաքական խումբ էր։ Նա միշտ աջակցել և պաշտպանել է իշխող կուսակցության բոլոր նախաձեռնությունները։ 2023 թվականի գարնանը հենց «Ժողովրդի իշխանությունն» էր առաջինը նախաձեռնել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը խորհրդարանը ի վերջո ստիպված եղավ հետ կանչել բողոքի ակցիաների պատճառով։ Չնայած կուսակցության ստեղծմանը, «Ժողովրդի իշխանության» ներկայացուցիչները ընտրություններին մասնակցեցին ոչ թե որպես առանձին միավոր, այլ «Վրացական երազանքի» կազմում։