Փոխքաղաքապետը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին համապատասխան հաղորդում եմ ներկայացրել»,- այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

Նա պարզաբանել է՝ հնարավոր է ավտոբուսի վարորդների երթուղի դուրս չգալը և դրանում նրանց ներգրավելը նախապես համաձայնության տարրեր է պարունակել։ Ուստի, թող քննությունը պարզի՝ գործ ունեն պարզապես աշխատանքային պարտականությունները չկատարելո՞ւ հետ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, թե առանձին անձանց մասով գործ ունեն այլ երևույթի հետ, երբ հակաօրինական վարքագիծը հատել է քրեական օրենսդրության սահմանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում այսօր վաղ առավոտից գործադուլ է: Շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, կանգառները մարդաշատ են: Վարորդները բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից ու աշխատավարձային քաղաքականությունից: