ՀԱՊԿ-ը չպետք է Ղարաբաղում կռվեր Երևանի համար. Պուտին

ՀԱՊԿ-ը չպետք է Ղարաբաղում կռվեր Երևանի համար, այս դեպքում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, ՌԴ նախագահն անդրադառնալով ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներին չմասնակցելուն, նշել է, թե յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրել, թե ինչ և ինչպես է ուզում անել իր անվտանգությունն ապահովելու համար: «Կարծում եմ, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև ստեղծված իրավիճակը, ամենայն հավանականությամբ, թելադրված է հենց Հայաստանում ներքաղաքական գործընթացներով»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը։

Նա նաև չի բացառել, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լրիվ դրույքով աշխատանքի։ Նա հավելել է, որ Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և աջակցում է կազմակերպության գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին։