Լեհաստանի նախագահի կինը Հայաստանում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կինը՝ Ագաթա Կորնհաուզեր-Դուդան նախօրեին այցելել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կենտրոնակայան, որտեղ հանդիպել է կազմակերպության և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության կայքից։

Լեհաստանի առաջին տիկինը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ կապված միջազգային համերաշխության կապակցությամբ՝ ընդգծելով, որ Լեհաստանն աջակցող երկրների թվում է։

Ներկայացնելով Լեհաստանի գործունեությունը Ուկրաինայից փախստականների հարցում՝ նա նշել է ինչպես պետական, այնպես էլ ոչ կառավարական ոլորտների կողմից ձեռնարկվող տարբեր միջոցառումների ու նախաձեռնությունների մասին։

Այցի ընթացքում առաջին տիկինը զրուցել է նաև ԼՂ տեղահանվածների հետ, որոնք պատմել են հակամարտության իրենց անձնական փորձի և Հայաստան ներգաղթելու անհրաժեշտության մասին։