Բարեկեցությունը` որպես շաքարային դիաբետի խնամքի հիմնասյուն

Վերջերս` նոյեմբերի 14-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվեց Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը, որն ամեն տարի նշելով, ԱՀԿ-ն և գործընկերները, նպատակ ունեն բարձրացնել գլոբալ իրազեկվածությունը և բարելավել բուժման արդյունքները 537 միլիոն մարդկանց համար ամբողջ աշխարհում, ովքեր ապրում են շաքարային դիաբետով և նրանց համար, ում մոտ այն դեռ չի ախտորոշվել: Գիտակցելով, որ դիաբետն ազդում է հոգեկան առողջության վրա նույնքան, որքան ֆիզիկական առողջության վրա, 2024թ.-ին մեկնարկում է «Շաքարային դիաբետ և բարեկեցություն» եռամյա արշավը, որի նպատակն է առաջնահերթություն տալ հիվանդացության կառավարման մեջ պացիենտների բարեկեցությանը աջակցելուն:

Վերջերս «The Lancet» ամսագրում հրապարակված հոդվածը նվիրված էր հենց այդ թեմային:

Իսկ ի՞նչ ենք հասկանում բարեկեցություն ասելով. այն լավ ինքնազգացողության և արդյունավետ, լավ աշխատել կարողանալու համադրություն է նախևառաջ, որը սուբյեկտիվ և յուրօրինակ է յուրաքանչյուր անհատի համար: Կյանքի բարձր որակի համար անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ հնարավորինս առողջ ապրելակերպ վարեն: Այնուամենայնիվ, ըստ հարցումների, շաքարային դիաբետով ապրող մարդկանց 63%-ը նշում է, որ իրենց լավ ինքնազգացողության և բարեկեցության վրա ազդում է հիվանդության հետ կապված բարդությունների զարգացման վախը, իսկ 28%-ը կարծում է, որ դժվարանում է դրական վերաբերմունք պահպանել իրենց վիճակի պայմաններում: Ավելին, շաքարային դիաբետով ապրող մարդիկ (ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ տիպ) ավելի հաճախ են բախվում հուզական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների, քան նրանք, ովքեր չունեն այդ հիվանդությունը:

Այս խնդիրները կարող են տատանվել շաքարային դիաբետի նկատմամբ մարդկանց մոտ առկա մտահոգությունից մինչև լուրջ անհանգստություն, խորը դեպրեսիա և սննդակարգի խանգարումներ, որոնք բոլորը կարող են կապված լինել դիաբետի ոչ օպտիմալ կառավարման, հիվանդության հետ կապված բարդությունների ռիսկերի հնարավոր առաջացման, կյանքի որակի նվազման և առողջապահական ծախսերի ավելացման հետ:

Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց 36%-ը նշում է, որ ունենում է հիվանդության հետ կապված անհանգստություն, որը վերաբերում է բացասական հուզական արձագանքներին, որոնք կարող են առաջանալ շաքարային դիաբետով ապրելու արդյունքում, ինչպիսիք են զայրույթը, ժխտումը, մեղքը, ամոթը, վախը, մտահոգությունը, տխրությունը և սթրեսը, և կարող են դրսևորվել ցանկացած պահի հիվանդության ողջ ընթացքում և նույնիսկ դրա ախտորոշումից առաջ:

Բուժման ռեժիմների, սնվելու և ուտելիքի, դիաբետի հետ կապված բարդությունների, հիպոգլիկեմիայի վախի, առողջապահության ոլորտի մասնագետների հետ հարաբերությունների և փոխազդեցության հետ կապված, դիաբետիկ խանգարումները կարող են առաջանալ այնպիսի իրադարձությունների պատճառով, ինչպիսիք են բուժման նպատակների չիրականացումը, դիաբետիկ կետոացիդոզի լուրջ դրվագները կամ ծանր հիպոգլիկեմիան, բարդությունների առաջացումը, կենսակերպի փոփոխությունները, խտրական վերաբերմունքի ենթարկվելը և շատ ավելին:

Շաքարային դիաբետով ապրող մարդկանց մոտ (1-ին և 2-րդ տիպ) 2-3 անգամ ավելի հավանական է, որ առաջանա դեպրեսիա, անհանգստության զգացում ունենալու հավանականությունը նույնպես դիաբետ ունեցողների մոտ 20%-ով ավելի բարձր է, քան դիաբետ չունեցող մարդկանց մոտ: Ավելին, 1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ երկու անգամ ավելի հաճախ են հանդիպում սննդային խանգարումները. 1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցող կանանց մոտ դիաբուլիմիան (ինսուլինի ներարկման բացթողում` քաշի կորստի համար) ամենատարածված սննդային խանգարումն է, մինչդեռ շատակերությունն ավելի հաճախ հանդիպում է 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող կանանց մոտ:

Շաքարային դիաբետը (1-ին և 2-րդ տիպ) հիվանդություն է, որը հիմնականում ինքնուրույն է կառավարվում: Այնուամենայնիվ, հիվանդության ինքնակառավարումը դժվար և բարդ գործընթաց է, որը պահանջում է արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգ, ինսուլինի ներարկումներ և այլ դեղամիջոցների ընդունում, ինչպես նաև կանոնավոր ֆիզիկական ակտիվության ապահովում և առողջ սնվելու կանոնների պահպանում: Չնայած շաքարային դիաբետ և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ հաճախ դժվարանում են առաջնահերթություն տալ իրենց խնամքին, շաքարային դիաբետի ժամանակակից համակարգը նրանց պատշաճ աջակցություն չի ցուցաբերում:

Շաքարային դիաբետով ապրող մարդկանց հոգեսոցիալական խնամքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել Ամերիկյան շաքարային դիաբետի ասոցիացիան` խորհուրդ տալով ինտեգրել հոգեսոցիալական և շաքարային դիաբետի խնամքը և հետազոտել շաքարային դիաբետի ախտանիշները, դեպրեսիան, անհանգստությունը, սննդային խանգարումները և ճանաչողական ունակությունները առաջին այցելության ժամանակ, ընդմիջումներով, ինչպես նաև հիվանդության, բուժման կամ կյանքի հանգամանքների փոփոխության դեպքում: Բայց քանի որ շաքարային դիաբետի խնամք իրականացնող բժշկական հաստատությունները ունեն խիստ սահմանափակ թվով հոգեկան առողջության որակավորված մասնագետներ, այդ խորհուրդ-ցուցումները հաճախ չեն կիրառվում կլինիկական պրակտիկայում, հատկապես սահմանափակ ռեսուրսների պայմաններում և ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում:

Շաքարային դիաբետով ապրող մարդկանց հոգեկան առողջության խնդիրների բացահայտմանը նպաստող լուծումներից մեկը սովորական սկրինինգից անցնելն է ամենաբարձր ռիսկի ենթարկվածներին թիրախավորելուն: Այս մոտեցումը կարող է նպաստել շաքարային դիաբետի տարասեռության ավելի խորը ըմբռնմանը, հոգեկան առողջության հետ կապված խնդիրների ամենամեծ ռիսկի տակ գտնվող անձանց բացահայտմանը` այդպիսով ապահովելով ճշգրիտ բժշկության հիման վրա շաքարային դիաբետ ունեցող մարդկանց հոգեկան խանգարումների բուժման հնարավորությունը:

«The Lancet» ամսագրի այդ հոդվածում Յանա Սոմերը և նրա գործընկերները հայտնում են, որ նոր հայտնաբերված շաքարային դիաբետի նոր ենթատեսակները արդեն տարբերվում են ըստ պացիենտների հաղորդած տվյալների (օրինակ՝ դեպրեսիայի ախտանիշներ, բարեկեցություն, առողջության հետ կապված կյանքի որակ և դիաբետի հետ կապված անհանգստություն) ախտորոշման պահին, ինչը ենթադրում է, որ դիաբետի ենթատեսակը կարող է օգտակար լինել դեպրեսիայի ախտանիշների և ինքնազգացողության վատթարացման վտանգի տակ գտնվող անձանց հայտնաբերման գործում:

Շաքարային դիաբետն ավելին է, քան պարզապես գլիկեմիայի վերահսկումը: Այն կարող է ազդել առօրյա կյանքի բոլոր ասպեկտների վրա և բացասաբար ազդել բարեկեցության վրա: Շաքարային դիաբետի հոգեբանական բեռը նվազեցնելու և բարեկեցությունը բարելավելու համար անհրաժեշտ է հիվանդության բուժման համապարփակ մոտեցում ցուցաբերել: Միայն այն դեպքում, երբ մարմնին և մտքին վերաբերվեն որպես անբաժանելի միավորների, շաքարային դիաբետով ապրող մարդկանց բարեկեցությունը կստանա այն առաջնահերթությունը, որին արժանի է:

«Հերացի» վերլուծական