Ովքե՞ր են Վրաստանի նախագահի թեկնածուները

Վրաստանի խորհրդարանն այսօրվա լիագումար նիստում, որին մասնակցում էին միայն «Վրացական երազանքի» պատգամավորները, հաստատվել է նախագահի ընտրության օրը։ Հարցը ներկայացրել էր խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 14-ին։ Այս առաջարկին կողմ է քվեարկել գրանցված 85 պատգամավորից 80-ը։ Ոչ ոք դեմ չի եղել։ Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։

«Նախագահի ընտրության նոր կանոնի համաձայն, որը սահմանվում է սահմանադրությամբ, նախագահն այլևս չի ընտրվի ուղղակիորեն, այսինքն՝ համընդհանուր ընտրություններով, և խորհրդարանն իրավասու է ընտրելու նախագահին», – նշված է հրապարակման մեջ։

Mtavari հեռուստաալիքը պնդում է, որ իշխանությունն ընտրություն կկատարի երկու թեկնածուի միջև՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու և Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Կոնստանտին Գամսախուրդիայի։

«Վրացական երազանք»-ից հաստատել են, որ Ղարիբաշվիլին կհրաժարվի խորհրդարանում իր մանդատից: Ինչպես նշում է Mtavari-ն, դա վկայում է նաև Վրաստանի նախագահի պաշտոնում նրա հնարավոր առաջադրման մասին:

Վրաստանի նոր նախագահին առաջին անգամ ընտրելու է 300 հոգուց բաղկացած կոլեգիան։ Նրանք նոր գումարման խորհրդարանի 150 պատգամավորներն են և տարածաշրջանների 150 պատվիրակները։

Հիշեցնենք, որ օրենսդիր մարմնի աշխատանքներին այժմ մասնակցում են միայն «Վրացական երազանքի» 88 պատգամավորները։ Ընդդիմությունը չի ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։