«Փակ երեկույթ»․ Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը գրում է․ «Visa-ն օրերս տարածել էր մամուլի հաղորդագրություն այն մասին, որ Visa Cashless Forum 2024-ն առաջին անգամ կանցկացվի Երևանում նոյեմբերի 22–ին։ Ընդ որում հաղորդագրության մեջ նշված չէին ֆորումի անցկացման ժամն ու վայրը։
«ԱՌԿԱ» տնտեսական գործակալությունը նույն օրը փորձեց պարզել այդ ամենը՝ հավատարմագրվելու և Հայաստանի ֆինանսական ոլորտի համար կարևոր միջոցառումը լուսաբանելու համար։
Վրաստանում Visa–ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Մարիամ Գվարաձեի հետ (ում կոնտակտները նշված էին մամուլի հաղորդագրության մեջ) հեռախոսով, Telegram–ով և էլեկտրոնային փոստով կապ հաստատելու անհաջող փորձերից հետո գործակալությունը կապ հաստատեց Աննա Բուբուշյանի հետ, ով, պարզվեց, ներկայացնում է Visa–ն Հայաստանում։ Նրա խոսքով, միջոցառմանը թույլատրվելու են միայն Civilnet–ը, Մեդիամաքսն ու Հանրային հեռուստաընկերությունը։
«ԱՌԿԱ» գործակալությունը իր հետաքրքրությունը հայտնեց մասնակցելու այդ միջոցառմանը։ Սակայն մեզ ասացին, որ սցենարը հաստատված է, և անհնար է ինչ–որ բան փոխել։
Հիմնավոր հարցեր են ծագում, մասնավորապես, եթե միջոցառումը փակ է լինելու մամուլի համար, ինչո՞ւ դա չի նշվել հաղորդագրության մեջ, նաև ինչի՞ հիման վրա են ընտրվել այն լրատվամիջոցները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները։
«ԱՌԿԱ» գործակալությունը Visa-ից սպասում է պաշտոնական մեկնաբանություններ այս հարցի կապակցությամբ։
«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը (www.arka.am) գործում է 1996 թվականի մայիսի 1-ից և Հայաստանի առաջատար տնտեսական գործակալությունն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիա հոլդինգում ընդգրկված են նաև հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող teleсom.arka.am պորտալը և armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։
«ԱՌԿԱ» գործակալության տեղեկատվությունը կանոնավոր կերպով ստանում և օգտագործում են պետական և առևտրային կառույցները, բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, դեսպանատները, լրատվամիջոցները, մասնավորապես՝ ԱՄՀ-ն, ՎԶԵԲ-ը, ԵԱԶԲ-ն:
2000 թվականի արդյունքներով՝ «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալությունը»։

