Իսրայելցի նախարարն առաջարկել է երկրի իշխանությունը տարածել Արևմտյան ափում

Իսրայելի անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրն առաջարկել է երկրի ինքնիշխանության ներքո ներգրավել Արևմտյան ափի ողջ տարածքը՝ այդ կերպ պատասխանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նետանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձեռբակալելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտամար Բեն-Գվիրը համապատասխան գրառում է կատարել Telegram-ի իր ալիքում։

«Ձերբակալության այդ արտոնագրերի պատասխանը Իուդեայի և Սամարիայի (Արևմտյան ափի իսրայելական անվանումը – խմբ.) ողջ տարածքում ինքնիշխանության տարածումն է, երկրի բոլոր հատվածների բնակեցումը, ահաբեկչական վարչակազմի (Պաղեստինի ազգային վարչակազմը Արևմտյան ափին – խմբ.) հետ կապերի խզումը և պատժամիջոցների կիրառումը»,- գրել է աջ ծայրահեղական հայացքներով հայտնի Բեն-Գվիրը, որը մշտապես աջակցում է Պաղեստինի ինքնավարության նկատմամբ դիրքորոշման խստացմանը:

Նոյեմբերի 21-ին Միջազգային քրեական դատարանը տվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր՝ Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործություններ կատարելու համար: Դատարանը նաև մերժել է Իսրայելի փաստարկները, որոնց միջոցով երկիրը փորձել է վիճարկել իր քաղաքացիներին ձերբակալելու վերաբերյալ դատարանի որոշման իրավասությունը: Իսրայելը նաև վիճարկել է Պաղեստինում ընդհանուր իրավիճակի հետ կապված գործերը քննելու դատարանի իրավասությունը: