Որտեղով է անցնելու միջանցքը՝ Հայաստանի՞, թե Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները․ թուրք նախարարի հայտարարությունը

Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է:

Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացները ադրբեջանական կողմի հետ։ Թե որտեղով է անցնելու միջանցքը՝ Հայաստանի՞, թե Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։

Հաջորդիվ այս միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա։ Մենք ավարտեցինք մեր նախագիծը Թուրքիայում, անցկացրինք մրցույթ, մոտ օրերս կսկսենք շինարարական աշխատանքները և ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է թուրք նախարարը։