Թբիլիսիում Ճավճավաձեի պողոտայից քաղաքացիներին հեռացնելուց հետո բողոքի ակցիան ավարտվել է
Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության հանրահավաքն ավարտվել է, երբ իրավապահները ցուցարարներին հեռացրել են Ճավճավաձեի պողոտայից, որտեղ նրանք անցկացրել էին ամբողջ գիշերը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այն բանից հետո, երբ իրավիճակը կայունացել է և ոստիկանությունը երկու շարքով շղթա է կազմել Մելիքիշվիլիի պողոտայում, ընդդիմության առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեն ցուցարարներին հայտարարել է, որ իմաստ չունի այդ տեսքով բողոքը շարունակելը։ Նա հավաքվածներին կոչ է արել գնալ տուն և պատրաստվել հետագա բողոքների։ Տեղից հեռանում են նաև իրավապահները։
Ընդդիմությունը Թբիլիսիում երրորդ գիշերն անընդմեջ անցկացրել է Ճավճավաձեի պողոտայում՝ պետական համալսարանի շենքի դիմաց։ Նոյեմբերի 19-ի առավոտյան ևս ոստիկանությունը հետ էր մղել քաղաքացիներին՝ ճանապարհի երթևեկելի մասից հեռացնելով վրաններն ու բարիկադները, 16 մարդ բերման էր ենթարկվել։
Նոյեմբերի 20-ին ցուցարարների ցրումը տեղի է ունեցել առանց ձերբակալությունների, ցուցարարները դիմադրություն ցույց չեն տվել իրավապահներին:

 
			
