Ուկրաինան Ռուսաստանին առաջին անգամ հարվածել է ամերիկյան ATACMS հրթիռներով
Ուկրաինայի զինված ուժերն այս գիշեր ամերիկյան արտադրության վեց ATACMS հրթիռներով հարվածել են ՌԴ Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտի։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այսօր գիշերը ժամը 3:25-ին հակառակորդը վեց բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտի։ Ըստ հաստատված տվյալների՝ կիրառվել են ամերիկյան արտադրության ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության՝ հինգ հրթիռ խոցվել է, մեկը՝ վնասվել։
Խոցված հրթիռի բեկորներն ընկել են Բրյանսկի մարզի ռազմական օբյեկտներից մեկի տեխնիկական տարածքում՝ առաջացնելով հրդեհ, որն արագ մարվել է։ Ըստ հաղորդագրության՝ զոհեր կամ ավերածություններ չկան։
ATACMS-ն ամերիկան «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ է, որն ունի 306 կմ հեռահարություն։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտոնել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար: Կրեմլը հայտարարել է, որ դա կնշանակի Վաշինգտոնի ներգրավվածության նոր մակարդակ Ուկրաինայում ընթացող հակամարտության մեջ։

