Մակրոնը և Էրդողանը Բուդապեշտում հանդիպել են
Հունգարիայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։
Հաղորդվում է՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Բանակցությունների ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները պատմական խորը արմատներ ունեն: Նա նշել է, որ երկրների միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացումը զգալի օգուտներ կբերի երկու կողմերին: Նա նաև ընդգծել է ռազմավարական համագործակցության ամրապնդման կարևորությունը, հատկապես աճող աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում:
Թուրքիայի նախագահը վերահաստատել է իր երկրի հավատարմությունը ԵՄ-ին լիիրավ անդամակցության ուղեգծին և հույս հայտնել, որ գործընթացը կակտիվանա: Նա նշել է, որ Թուրքիայի համար առանցքային խնդիրներ են մնում ԵՄ-ի հետ մաքսային միության թարմացումը և Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանումը:
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել արդիական հակամարտություններին, ռուս-ուկրաինական պատերազմին և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Էրդողանը համոզմունք է հայտնել, որ այդ հակամարտությունների խաղաղ կարգավորումը դիվանագիտական ուղիներով բխում է բոլոր երկրների շահերից:
Նրա կարծիքով՝ այս տարածաշրջաններում կայունությունն ու անվտանգությունը կնպաստեն գլոբալ մակարդակում բարգավաճմանն ու կայուն զարգացմանը:

