Ես կարծում եմ, որ իմ փորձառությունը թե՛ կոնֆլիկտներ հրահրելու, թե՛ հարթելու գործում շատ ավելի մեծ է․ Ալեն Սիմոնյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստ կա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ Անդրանիկ Քոչարյանին հեռացնելու կամ վարքը քննարկելու հարց կա՞ օրակարգում, նա արձագանքեց. «Վարչությունը որևիցե հարց չի քննարկում՝ մեկին հեռացնելու կամ ինչ-որ ձևով պաշտոնանկ անելու, մենք քննարկում ենք այն ինֆորմացիան, որը առկա է, ու այդ ինֆորմացիայի հիման վրա որոշում ենք կայացնում»:

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի ակնարկին, թե Սիմոնյանին անհանգստացնում է իր վարկանիշի աճը, նա ասաց՝ որևէ մեկի վարկանիշի աճն իրեն չի անհանգստացնում:

Խոսելով վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի, ու դրանում Անդրանիկ Քոչարյանի դերակատարության մասին, Ալեն Սիմոնյանն ասաց․

«Ես կարծում եմ, որ իմ փորձառությունը թե՛ կոնֆլիկտներ հրահրելու, թե՛ հարթելու գործում շատ ավելի մեծ է, և կարծում եմ, որ այդ իրավիճակում ավելի ճիշտ կվարվեի։ Բայց դա չի նշանակում, որ ես որևէ մեկին քննադատում եմ։ Պարոն Քոչարյանը մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչ է, և չի կարելի իմ ասածը դիտարկել որպես քննադատություն նրա անձի վերաբերյալ։ Ես ընդհանուր երևույթի, ներկաների պահվածքի վերաբերյալ վերապահումներ ունեմ»։

Հարցին, թե Քյարամյանին պե՞տք էր լռեցնել, Սիմոնյանն ասաց. «Չէ՛, պետք չէր բերել-հասցնել այդ իրավիճակին, չէր կարելի դատախազին վերևը նստեցնել: Ինձ մոտ տպավորություն էր, որ ինչ-որ Սովետական Միության դատավարության է տեղի ունենում, և ներքևը ամբաստանյալներն են, վերևը դատավորն ու դատախազությունն է»:

Սիմոնյանը հերքեց, թե թիմում կան քոչարյանական կամ սիմոնյանական թևեր: «Ո՞նց կարող է նման բան լինել: Կա թիմ՝ նիկոլփաշինյանական թիմ»,- ասաց նա: