Ի՞նչ է ենթադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև մաքսային և տարանցիկ պարզեցված ընթացակարգը. ՊԵԿ նախագահի պարզաբանումը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև մաքսային և տարանցիկ պարզեցված ընթացակարգերը կարող են ենթադրել տեղափոխվող բեռների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում»,- այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ բացատրելով, թե առհասարակ ինչ է նշանակում «պարզեցված ընթացակարգը»։
«Բազմաթիվ տեղեկություններ կան, որ երկրները կարող են նախապես փոխանակել։ Օրինակ Վրաստանի Հանրապետության հետ մեր փորձը․ մենք մեր արտահանման տվյալներն ենք նախապես ուղարկում, իրենք՝ իրենցը, և հեշտանում է գործընթացը ներմուծման փուլում, որովհետև իրենք կամ մենք ունենք որոշակի տեղեկություններ»,- նշեց Բադասյանը։
Բադասյանի խոսքով, կոնկրետ իրավիճակով պայմանավորված` լուծումները կարող են շատ տարբեր լինել: Երկրները կարող են նախապես փոխանակել սկանավորված պատկերներ՝ հետագա ռիսկերը չեզոքացնելու համար: Կան նաև այլ լուծումներ, որոնք հիմնված են ժամանակակից թվային հարթակների վրա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին հայտարարեց, որ Երևանը Բաքվին առաջարկել է սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներ՝ Նախիջևանի հետ կապի համար:

