Հայաստանը դադարել է լինել Հայաստան, արդեն՝ պաշտոնապես. Սերգեյ Մելքոնյան
Պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ և միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը գրում է.
«Այսօր ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առաջնային չէ:
Հիշեցնեմ, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրները եղել են Հայոց ցեղասպանության և Արցախի Հանրապետության ճանաչման համար մղվող պայքարը:
Առաջին հարցը հայկական ինքնության հիմնարար տարրն էր, երկրորդը ՝ պետականությունը։
Պետական և ազգային ինքնությունն ապամոնտաժելու Բաքվի և Անկարայի երկու հիմնական պահանջները Երևանը կատարեց՝ հրաժարվելով Արցախից և ցեղասպանության ճանաչման համար պայքարելուց։
Այսպես է ձևավորվում նոր պատմական հիշողությունը, որը կազմավորվել է ի հակադրություն նրա, ինչի հիմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը։ Հետևաբար, այն իր բնույթով հակապետական է և ապազգային։
Սա հակա-Հայաստանի ստեղծման որակապես նոր փուլ է
Այնուհետև կկատարվեն Բաքվի և Անկարայի նոր պահանջները՝ փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (որը նպատակաուղղված կլինի ստեղծել ինչ-որ նոր երկիր, բայց ոչ Հայաստան) և փակել ատոմակայանները (դրան Թուրքիան փորձում է հասնել մի քանի տասնամյակ, ուստի հենց այդ պրիզմայով նայեք «ժամանակակից մոդուլային ԱԷԿ» ստեղծելու հարցին), Եկեղեցու և Սփյուռքի դերի թուլացում, պատմության դասագրքերի փոփոխություն և այլն»։