Պատրաստ եմ ներողություն խնդրել․ Արգիշտի Քյարամյանն ափսոսում է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի համար
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ իր հայտարարությունների կապակցությամբ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել։
«Շատ նորմալ է, եթե քրեական վարույթ հարուցելու հիմքեր եղել են, ապա որևէ կերպ չեմ կարող գնահատական տալ գործընկեր նախաքննական մարմնի կողմից հարուցված քրեական վարույթին։ Ինձ հարցաքննության չեն կանչել, կա քրեական վարույթ, և այս առումով որևէ այլ մեկնաբանություն տալու ոչ իրավական հիմք ունեմ, ոչ էլ կոռեկտ է»,- ասաց Քյարամյանը։
Արգիշտի Քյարամյանը, անդրադառնալով ԱԺ լսումների ժամանակ տեղի ունեցած հայտնի միջադեպին, ասաց․ «Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ։ Եվ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում։ Ես, օգտվելով այս պատեհ առիթից, ուզում եմ ափսոսանք հայտնել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում»։
Հարցին, թե հանրությունից ներողություն կխնդրի՞, նա պատասխանեց․ «Եթե հանրությունն ընդհանուր խնդիր է տեսնում, և վստահ եմ, որ տեսել է, իհարկե, դա ինձ համար բացարձակ խնդիր չէ։ Իհարկե, պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունն իմ ցանկացած գործողությունում խնդիր է տեսնում։ Դա ինձ համար բավական հաճելի իրավիճակ է»։ Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայացնել։ Արգիշտի Քյարամյանը միայն պատասխանեց՝ ինչո՞ւ։

