Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները փորձում են իրավաբանորեն լուծարել ՀՀ երրորդ հանրապետությունը

Սահմանադրական դատարանը, իր 2024 թ.-ի սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշման մեջ, որով փաստացի չեղարկել է ՀՀ Անկախության հռչակագիրը (առանց դրա լիազորությունը ունենալու), արտահայտել է հետևյալ միտքը.

««Հիմք ընդունելով» արտահայտությանն այնպիսի բովանդակություն հաղորդելը, համաձայն որի՝ Սահմանադրությունում շարադրված շրջանակից տարբերվող շրջանակով Հռչակագրում ամրագրված որևէ սկզբունք կամ նպատակ ունի նաև այլ՝ Սահմանադրությամբ ամրագրված իմաստային շրջանակից տարբերվող և Հռչակագրով ունեցած ինքնուրույն իմաստ, ուղղակիորեն հակասում է Սահմանադրության ընդունմամբ սահմանադրական որոշակիության միջոցով սահմանադրական կայունությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակին»։

Այլ կերպ ասած, Սահմանադրական դատարանը ասել է, որ ՀՀ Անկախության հռչակագրի այն դրույթները, որոնք բառացիորեն արտատպված չեն ՀՀ Սահմանադրության մեջ, սահմանադրական կայունության և սահմանադրական անվտանգության սպառնալիք են:

ՀՀ Սահմանադրության մեջ բառացիորեն արտատպված չէ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, սակայն հենց այս որոշումն է Հայաստանի երրորդ հանրապետության իրավաստեղծ գործունեության հիմքը հանդիսանում, այլ կերպ ասած՝ Հայաստանը անկախացել է Լեռնային Ղարաբաղի հետ վերամիավորման ազգային նպատակի համար:

1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումն է հիմք հանդիսացել ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման համար (այդ մասին ուղղակիորեն նշված է ՀՀ Անկախության հռչակագրի նախաբանում, հղումը՝ մեկնաբանություններում):

Իսկ Անկախության հռչակագիրը, իր հերթին, հիմք է հանդիսացել ՀՀ Սահմանադրության ընդունման համար, հետևաբար ստացվում է, որ ՀՀ Սահմանադրության իրավական հիմքն էլ է հանդիսանում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը (այս որոշումը, ի դեպ, մինչ օրս ուժի մեջ է, հղումը՝ մեկնաբանություններում):

Ստացվում է, որ ՀՀ երրորդ հանրապետության հիմնարար փաստաթղթերից ամենակարևորը, որը հիմք է հանդիսացել ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել ՀՀ Սահմանադրության ընդունման համար, ըստ Սահմանադրական դատարանի որոշման՝ «…հակասում է սահմանադրական կայունությանն ու անվտանգությանը»:

Սա ինչ է, եթե ոչ Հայաստանի երրորդ հանրապետության իրավական լուծարման փորձ։

Երբ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահը ցեղասպանության, պատերազմի, սովի, էթնիկ զտումների ճնշման տակ ստիպված եղավ ստորագրել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը (որը, ի դեպ, 2023 թվականի հոկտեմբերի 19-ի հրամանագրով չեղյալ է հայտարարվել), ՀՀ իշխանությունները շտապեցին մեղադրել փաստացի ճնշումների ներքո գտնվող Արցախի իշխանություններին նման հրամանագիր ստորագրելու համար, իբր իրենք իրենց ձեռքով հանձնեցին Արցախը:

Հիշեցնեմ, որ ՀՀ իշխանություններն էին Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում, խախտելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը, խախտելով ՀՀ Անկախության հռչակագիրը և խախտելով ՀՀ Սահմանադրությունը):

Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության իշխանության երեք ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, յուրաքանչյուրն իր ձևով վավերացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը, փաստացի հրաժարվում են ՀՀ Անկախության հռչակագրից, այդպիսով փորձ անելով իրավաբանորեն լուծարել ՀՀ երրորդ հանրապետությունը:

Աննա Սարդարյան