Նրանց վարքագիծն ինձ հասկանալի չէ․ մենք ունեինք պայմանավորվածություն․ԿԳՄՍ նախարարը՝ «Գոյ» թատրոնի մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է՝ «Գոյ» թատրոնի դերասաններին երաշխավորել են՝ իրենց ստեղծագործական գործունեությանն ու ազատությանը որևէ խոչընդոտ չկա։
Նա նշեց, որ տեղյակ է իրավիճակին, որ «Գոյ» թատրոնի դերասաններըն ու աշխատակիցները գիշերել են «Գոյ» թատրոնում. «Տեղեկացված են նաև իրավապահ մարմինները: Կարծում եմ՝ հետագա գործընթացները նախարարության և թատրոնի տիրույթից դուրս են և մեր իրավապահ մարմիններն են, որ պետք է այս իրավիճակին արձագանքելն»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ «Գոյ» թատրոնի դերասանները նշում են, որ պայքարում են ստեղծագործելու ազատության և արդարության համար, և իրենց հարմար է ստեղծագործել սեփական թատրոնում, նախարարն արձագանքեց. «Իրենք կարող են դա իրացնել բեմերում, այդ թվում՝ «Սունդուկյան» թատրոնի բեմերում, բայց նրանց հետագա վարքագիծն ինձ համար շատ հասկանալի չէ, որովհետև մենք ունեինք պայմանավորվածություն, որ կարող ենք գործարկել մասնավոր թատրոնների աջակցության մեխանիզմ, կամ՝ որպես առանձին ստեղծագործական միավոր, աշխատել «Սունդուկյան» թատրոնի կազմում, սական ակնհայտ է, որ այդ հարցերին նրանց արձագանքն արդեն դուրս է տրամաբանության շրջանակներից»:
Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դերասանական կազմն այսօր գիշերել է թատրոնում։

