Բաքվում ջրածածկ են եղել փողոցներ ու թունելներ, տրանսպորտային կոլապս է․ կան զոհեր (լուսանկարներ)

Ադրբեջանում հորդառատ անձրևից հետո Բաքվի մի քանի փողոցներ ու պողոտաներ ջրածածկ են եղել, վտանգավոր գոտուց տարհանվել է 31 մարդ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԻ նախարարությանը։

«Երեկվանից ԱԻՆ ուժերը ներգրավված են Բաքու քաղաքում և Աբշերոնի շրջանում ինտենսիվ անձրևների հետևանքով հեղեղված տարածքներում անվտանգության համապատասխան միջոցներ ձեռնարկելով։ ԱԻՆ ուժերը միջոցներ են ձեռնարկում հեղեղված վայրերից տարհանելու օգնության կարիք ունեցող բնակիչներին։ Անվտանգ տարածք է տեղափոխվել 31 քաղաքացի»,- ասված է հաղորդագրությունում։

Մարդկանց տարհանման աշխատանքները դեռ շարունակվում են։ Բաքվի բնակիչները սոցիալական ցանցերում տարածում են ջրածածկ փողոցների լուսանկարներ։ Հայտարարվել է երկու զոհի մասին․ թունելի լցվելու հետևանքով երկու մարդ է խեղդվել։ Զոհերը մեքենայով հայտնվել են ջրի տակ։