«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը
Հիմնավոր կասկած կա, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հաշվի առնելով դա ու այն փաստը, որ ՍԴ-ն որոշման մեջ բացարձակ հարցին չվերաբերող մեկնաբանություն է ներկայացրել, հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հետագայում ծառայելու որպես հերթական հակապետական զիջումների արդարացում: Հենց այդ ու մի շարք այլ պատճառներով «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել ու չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը»,- ասաց նա:
Մամիջանյանն ասաց, որ դիրքորոշման վերաբերյալ առավել մանրամասն կներկայացնեն ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարության մեջ, որը կտարածեն այսօր:
Այնուհետև ամբիոնին մոտեցավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելու կանոնակարգը։ Այդ ընթացքում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։

