Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը

Պենտագոնը Կոնգրեսից հայցել է 2027 ֆինանսական տարում գրեթե 20%-ով ավելացնել ամերիկյան մուծումները ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեում և դաշինքի ենթակառուցվածքների ֆինանսավորման ոլորտում։ Այս մասին հետևում է բյուջետային փաստաթղթերից, որոնց ծանոթացել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթղթերի համաձայն՝ 2027 թվականի համար հայցվող ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է 1,36 միլիարդ դոլար՝ 2026 ֆինանսական տարվա 1,14 միլիարդ դոլարի դիմաց: Այսպիսով, առաջարկվում է ծախսերն ավելացնել մոտ 220 միլիոն դոլարով (շուրջ 19%-ով):
 
Առավել նկատելի աճ նախատեսված է ՆԱՏՕ-ի՝ անվտանգության ապահովման ներդրումային ծրագրում, ներառյալ ռազմական ենթակառուցվածքների արդիականացումը և Եվրոպայում ամերիկյան ուժերի աջակցությունը: Այս հոդվածով ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել 25,4%-ով՝ հասցնելով մինչև 604,3 միլիոն դոլարի: Ընդ որում, դաշինքի ռազմական բյուջեում ԱՄՆ մուծումները ցանկանում են ավելացնել 14,5%-ով՝ հասցնելով 756,7 միլիոն դոլարի:
 
Ինչպես նշված է փաստաթղթերում, դեռևս 2022 թվականին ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել տարեկան 25%-ով ավելացնել դաշինքի ռազմական ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի ընդհանուր բյուջեն, որտեղ ԱՄՆ-ն նույնպես միջոցներ է ներդնում: Ընդ որում, ամերիկյան կողմը ծածկում է այս ծրագրի ծախսերի շուրջ 15%-ը, իսկ մնացած 85%-ը ֆինանսավորում են ՆԱՏՕ-ի մյուս երկրները:
 
Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո Վաշինգտոնը բազմիցս պահանջել է եվրոպացի դաշնակիցներից ավելացնել ռազմական ծախսերը և ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական պաշտպանության համար: 2025 թվականի հունիսին Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի երկրները համաձայնել են մինչև 2035 թվականը պաշտպանության և անվտանգության հետ կապված կարիքների ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին: