Հայաստանից արտահանման մեջ ԱՄԷ-ի մասնաբաժինը մոտենում է 50 տոկոսի, դեպի ՌԴ նվազում կա. տնտեսագետը՝ պատճառների մասին
Հայաստանը 2024 թվականի 8 ամիսներին՝ հունվար-օգոստոսին, արտահանել է 9 մլրդ 694 մլն 745.3 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 2.1 անգամ: Եթե ավանդաբար Հայաստանից արտահանման ծավալներով առաջատարը Ռուսաստանն էր, ապա այժմ արտահանման կառուցվածքում փոփոխություն է նկատվում, առաջատարն այս անգամ Արաբական Միացյալ Էմիրություններն է:
«Արմենպրես»-ը պատճառների ու արտահանմանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 8 ամսում Հայաստանն ամենաշատն արտահանել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 4 մլրդ 311 մլն 465.6 հազար դոլարի, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 7.3 անգամ: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, Ռուսաստան արտահանումը նվազել է 19.5 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 930 մլն 397.2 հազար դոլար: Հայաստանից արտահանման ծավալներով երրորդ տեղում Չինաստանն է՝ 839 մլն 999.8 հազար դոլար ծավալով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 3 անգամ է:
Ըստ տնտեսագետի՝ այդ փոփոխությունն արտացոլում է արտահանման ապրանքային կառուցվածքի փոփոխությունը: «Մեր արտահանման ապրանքային կառուցվածքում, 2023-ի վերջերից սկսած, արձանագրվում են գործընթացներ, որոնք ենթադրում են թանկարժեք մետաղների ու քարերի դերակատարության կտրուկ մեծացում: Դրանով պայմանավորված՝ փոխվում է և՛ ապրանքայն կառուցվածքը, և՛ երկրների կառուցվածքը: Մեծ ծավալի «թանկարժեք քարեր, մետաղներ» հոդվածով ապրանք է ներմուծվում Հայաստան Ռուսաստանից: Հետո այդ ապրանքը որոշակի վերամշակման ենթարկվելուց, նաև որոշակի հատված առանց վերամշակման ենթարկվելու, արտահանվում է առանձին երկրներ, առաջին հերթին՝ ԱՄԷ: Դրանով պայմանավորված՝ ԱՄԷ-ի մասնաբաժինը կտրուկ ավելացել է մեր արտահանման կառուցվածքում՝ ընդհուպ մոտենալով 50 տոկոսին, և դա մեկ հոդվածի շնորհիվ»,–ասաց Քթոյանը:
Ըստ նրա՝ սա մի կողմից թույլ է տալիս ցուցանիշների բարելավում ունենալ, մյուս կողմից չի կարելի ասել, թե երկրում նշանակալի ավելացված արժեք է ստեղծվում կամ տնտեսական ներուժն էականորեն աճում է:
Ինչ վերաբերում է Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալի նվազմանը, տնտեսագետը դա պայմանավորեց երկու գործոնով: Առաջինը կապված է Հայաստանից Ռուսաստան վերաարտահանվող ապրանքների հետ: «Մեքենաների, սարքավորումների, տեխնիկական միջոցների արտահանումը պատերազմի մեկնարկից երկու տարվա ընթացքում բազմապատկվեց գրեթե 20 անգամ: Ունեինք բավականին բարձր բազա, այն հասել էր իր գագաթնակետին: Եվ հաջորդիվ պետք է լիներ նվազումը: Մենք նվազում ունենք առաջին հերթին նմանօրինակ հոդվածների մասով, որոնք նախկինում թռիչքային աճ էին արձանագրել, հիմա որոշակի ճշգրտումներ են գնում»,-ասաց Քթոյանը:

