ԵՄ-ում սուր տարաձայնություններ են ծագել Իսրայելին զենքի մատակարարման հարցի շուրջ

Եվրամիությունում սուր տարաձայնություններ են ծագել Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցման հարցի շուրջ: ԵՄ մի շարք երկրներ, հակառակը, հանդես են գալիս մատակարարումների ավելացման օգտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։

«Այդ (Իսրայելին զենքի մատակարարումների) խնդիրը մնում է ազգային իրավասությունների շրջանակում։ Անդամ երկրներն այս հարցում լուրջ տարաձայնություններ ունեն: Եվրամիության մի շարք երկրներ, ընդհակառակը, հանդես են գալիս մատակարարումների ավելացման օգտին: Մենք դա կքննարկենք, բայց ես արդյունք չեմ ակնկալում», – ասել է նա:

Բորելը նաև քննադատել է Իսրայելի կողմից ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերի գնդակոծումը՝ դա անվանելով «լիովին անընդունելի»։

Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 14-ին անցկացվում է ԵՄ խորհրդի արտաքին գործերի նախարարների նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինային Եվրամիության և նրա անդամ երկրների ռազմական աջակցությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը։