Թուրքիան չէ, որ կառչած է պատմությունից, դա միանշանակ Հայաստանն է․ թուրք պրոֆեսոր
«Թուրքիան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կապում է ընդհանուր աշխարհը Թուրքիայով, հարևաններով հանդերձ»,- «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ասաց Թուրքիայի ներկայացուցիչ, պրոֆեսոր Ահմեդ Քասիմ Հանը։
Ըստ նրա, պետք է քաղաքական կամք լինի նման ծրագրերն իրագործելու համար։
«Թուրքիայի պարագայում այս ծրագրին էլ ավելի աջակցելու համար, պետք է փոփոխություն տեսնի նաև Հայաստանում։
Թուրքիան կսատարի՝ պայմանով, որ լինի մոտեցում՝ մերձեցում երկրների միջև և լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդրի լուծում»,- ասաց նա։
Թուրք պրոֆեսորի խոսքով՝ Թուրքիան ունի բևեռացված հասարակություն, բայց մի բանի շուրջ թուրքերը բևեռացված չեն․ «Դա Ադրբեջանին աջակցությունն է և սա իրականությունն է: Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, բայց մեկ ազգ, սա գերիշխող նարատիվ է մեզ մոտ: Այն ինչ վարչապետ Փաշինյանն է մտածում հայ-թուրքական հարաբերությունների մասին դա ճիշտ մոտեցում է, բայց սփյուռքի ներգրավվածությունը հայ-թուրքական հարաբերություններում, ըստ էության, փչացնում է այդ հարաբերությունները: Հայաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր շահեր, բայց ես վստահ չեմ գլոբալ թուրքերը և գլոբալ հայերն ունեն մեծ իմաստով համընկնող շահեր կամ ընդհանուր մտահոգություններ»,- ասաց նա:
Նա նաև հավելեց․ «Թուրքիան չէ, որ կառչած է պատմությունից, դա միանշանակ Հայաստանն է»։

