ԿԿՀ-ն բանավոր դիտողություն է հայտարարել Իշխան Սաղաթելյանին. վերջինս դիմել է դատարան
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանավոր դիտողություն է հայտարարել ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և կարճել վարչական վարույթը՝ ՀՅԴ-ին ուղղված նվիրատվության մի մասը նվիրատուին չվերադարձնելու կամ պետական բյուջե չվճարելու վերաբերյալ։
Մասնավորապես, ԿԿՀ-ն հիմք ընդունելով ՀՅԴ կուսակցության 2022թ տարեկան հաշվետվության ստուգման և աուդիտի արդյունքում վերհանված տվյալները, պարզել է, որ 2022թ․ ընթացքում Կուսակցության կողմից չի պահպանվել «Կուսակցությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ֆիզիկական անձի կողմից կուսակցությանը տրվող, օրենքով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվություններ ստանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում կուսակցության համար սահմանված նվիրատվության գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ նվիրատվության գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ նվիրատուին վերադարձնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝պետական բյուջե փոխանցելու պահանջը։
2022թ բանկային հաշիվների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որպես փոխառություն ստացված 7,092,500 ՀՀ դրամի չափով գումարը հետ չի վերադարձվել Ներսես Տեր-Պետրոսյանին, ինչը գերազանցում է Սահմանադրական օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափը 4,592,500 ՀՀ դրամի չափով։ Հաջորդիվ, ստուգմամբ պարզվել է, որ Վահագն Մատինյանի և Կուսակցության միջև, ըստ ԿԿՀ ներկայացված պայմանագրերի, հաշվետու տարում կնքվել է ընդհանուր 8,950,000 ՀՀ դրամի չափով փոխառության պայմանագրեր, որոնց մնացորդների ընդհանուր չափը, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-րդ դրությամբ կազմել է 8,650,000 ՀՀ դրամ։ Այսինքն, հաշվետու տարում կնքված պայմանագրերի հիման վրա Վահագն Մատինյանից ստացված՝ 8,950,000 ՀՀ դրամ փոխառության գումարներից հաշվետու տարում հետ է վերադարձվել 300,000 դրամը, իսկ չվերադարձված մասը կազմել է 8,650,000 ՀՀ դրամ, ինչը գերազանցում է օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափը 6,150,000 ՀՀ դրամի չափով։ Ընդհանուր առմամբ, ըստ ԿԿՀ-ի, Սաղաթելյանը պետք է կա՛մ նվիրատուներին վերադարձներ, կամ ՀՀ պետական բյուջե փոխանցեր 10,742,500 ՀՀ դրամ։
Սաղաթելյանը 2024թ․ սեպտեմբերի 9-ին գրությամբ հայտնել է, որ Կուսակցությունն ընթացիկ ֆինանսական խնդիրներ լուծելու նպատակով 2022թ․ վերցրել է փոխառություններ, որոնց համար կնքվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ և 878-րդ հոդվածների պահանջներից բխող գրավոր փոխառության պայմանագրեր։
ԿԿՀ-ն որոշել է ազատել Սաղաթելյանին վարչական պատասխանատվությունից և հայտարարել բանավոր դիտողություն՝ կարճելով վարույթը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԿԿՀ այս որոշումն Իշխան Սաղաթելյանը վիճարկել է դատական կարգով։ Նա հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԿԿՀ-ի՝ պահանջելով վերացնել այն։ Հայցը մակագվել է դատավոր Կարեն Զարիկյանին։

