Ֆլորիդայում մոտ հինգ միլիոն մարդ է տարհանվել․ դարի ամենասարսափելի փոթորիկն սպառնում է նահանգին

ԱՄՆ Ֆլորիդա նահանգից «Միլթոն» փոթորկի պատճառով տարհանվել է մոտ հինգ միլիոն մարդ: Գրում է «Վաշինգտոն փոստը»։ Այս փոթորիկը կարող է դառնալ վերջին 100 տարվա ամենասարսափելի փոթորիկը։ Նահանգի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Թամպայի քաղաքապետ Ջեյն Քաստորը նախազգուշացրել է, որ այդ գոտում մնալը նման կլինի մահվան համարժեք:

Սպասվում է, որ տուժելու են նահանգի կենտրոնական և արևմտյան հատվածները, որտեղ ապրում է ավելի քան երեք միլիոն մարդ: «Միլթոնը» չի թուլանա մինչև ափ հասնելը և կմնա 4-րդ աստիճանի ուժգնության։ Ափերի ալիքները կարող են հասնել 3-4 մետրի:

Ֆլորիդայի պատիժների կատարման դեպարտամենտի տվյալներով՝ ավելի քան 4500 բանտարկյալներ տեղափոխվել են սպասվող աղետի շրջաններից՝ «առանց հասարակական անվտանգությունը վտանգելու»։

Տարհանվել է նաև Թամպայի մոտ տեղակայված ռազմական ավիաբազան։