Վրաստանի ՍԴ-ն մերժել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կասեցնելու՝ նախագահի միջնորդությունը

Վրաստանի Սահմանադրական դատարանը հրաժարվել է կասեցնել, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, ինչպես պահանջել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, բխում է դատարանի վճռից։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Չբավարարել հայցվոր կողմի՝ վիճարկվող նորմերի գործողությունը՝ մինչև գործով վերջնական որոշման կայացումը կասեցնելու միջնորդությունը», – ասվում է դատարանի որոշման մեջ:

Նշվում է նաև, որ երկու դատավորներ Գեորգի Կվենչիլաձեն և Թեյմուրազ Տուգուշին, համաձայն չեն այդ որոշմանը։ Բացի այդ, դատարանը վերոհիշյալ գործն ընդունել է ըստ էության։

Օգոստոսի 29-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է չորս հայցերի նախնական քննարկումն ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի՝ միավորված մեկ գործով։ Օգոստոսի 29-ին, 30-ին և 31-ի նիստերում դատարանը լսեց կողմերի դիրքորոշումները։

Նախագահի, ընդդիմադիր պատգամավորների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ փաստարկներ են հայտնել այն փաստի օգտին, որ օրենքը հակասում է սահմանադրության 78-րդ հոդվածին, ըստ որի՝ իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները Վրաստանին ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար։ Նրանք նաև պնդել են օրենքը կասեցնել, մինչև դատարանը վերջնական որոշում կայացնի, որը կարող է երկար ժամանակ տևել, իսկ տարեվերջին սպասվում է, որ ԵՄ-ը կորոշի Վրաստանի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը։