Մենք պարտավոր ենք իրավական դաշտ փոխանցել հանցագործությունների մասին տեղեկությունները. Խաչիկ Մանուկյան

«Շարունակաբար խոսվում է այն մասին, որ ՔՊ-ական պարագլուխները տևական հանցագործություններ են գործում տարբեր աստիճանի, տարբեր որակների։ Ժամանակն է, որ այդ հայտարարությունները տեղափոխվեն իրավական դաշտ»,-Գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սրբազան պայքարի մասնակից, Արցախյան երրորդ պատերազմում որդուն կորցրած, գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։

Նա նշեց․ «Նախ, որպեսզի այդ հայտարարությունները մերկապարանոց չհնչեն, իրավական հիմք ունենան, և մենք հասկանանք՝ ընթացք տալի՞ս են այդ հանցանքներին: Մենք այդ հանցանքների գնահատականը պետք է կարողանանք ստանալ նաև մեր ժողովրդի պահանջով:

Ես իրատես եմ, ես գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու, որովհետև դատախազը բացահայտ հայտարարել է, որ ինքը զեկուցում է այսօրվա վարչապետին, այսինքն նա կատարում է վարչապետի հրահանգները: Այսինքն իրավական համակարգը գտնվում է իր ափի մեջ:

Հիմա մարդը ափը բաց է թողել, հեծանիվ քշելով է զբաղված, ես այստեղ շատ ազնիվ միտում եմ տեսնում: Դրանով նա ասում է՝ ես իրավիճակին չեմ տիրապետում, անցել եմ իմ սպորտաձևին»:

Հրապարակախոսն ընդգծեց՝ ինքը գիտի, որ գործ ունի դարակազմիկ հանցագործների հետ, հավատում է, որ իշխանափոխությունից հետո լինելու է իրավական և քաղաքական գնահատական։

«Այդ ժամանակ ձեր դիմաց կանգնած կհայտարարեմ, այո՛, արդարադատությունը հաղթելու է»,-ասաց նա։

Նշենք, որ այսօր Բագրատ Սրբազանն իր համախոհների հետ բողոքի ակցիա է իրականացնում Գլխավոր դատախազության մոտ: «Պահանջում ենք, որ Գլխավոր դատախազը վար իջնի և բացատրություն ներկայացնի այս գործընթացների վերաբերյալ, որոնք իրենք իսկ սկսել են։ Մեր երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի՝ ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական»,- ասել է Բագրատ Սրբազանը։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՍԴ-ի դիմաց կայացած ակցիայի ժամանակ Բագրատ Սրբազանը նշել էր. «Սիրելի ժողովուրդ, չորեքշաբթի՝ ժամը 12-00-ին, եղեք դատախազության առջև, որովհետև մեր ձեռքում ունենք փաթեթներ ու բոլոր օջախների նպատմամբ քրեական գործեր հարուցվելու հայտեր են ներկայացվելու։

Մենք դատի ենք տվել զանազան պաշտոնյաների, ընդհուպ չարիքի։ Այս գործընթացքը շարունակվելու է թիրախային, մինչև հասնենք մեր ուզածին, իսկ մեր ուզածը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ»: