ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքի խախտումը կապված էր այլ պայմանական պարտավորության լուրջ խախտման հետ
Իրավաբան և միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը, որն ապրիլին Ժնևում ներկայացրել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ու «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն» հասարակական կազմակերպություններին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին, իրավական կարծիք է հրապարակել՝ վերլուծելով Արցախի հայ բնակչության շարունակական ծանր վիճակը նրանց բռնի տեղահանումից և Արցախի Հանրապետության կազմալուծումից հետո:
2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների մեկամյա տարելիցին զուգընթաց՝ Քալֆայանը շեշտում է տեղահանված հայերի վերադարձի և ինքնորոշման իրավունքի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։
Իրավաբանը քննադատում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային արձագանքները՝ նշելով էթնիկ զտումների դեմ արդյունավետ գործողությունների բացակայությունը.
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնիսկ բացահայտ խախտումները դատապարտող բանաձև չընդունեց։ Շատ ավելի դժվար է վերականգնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները հիմա, երբ նրանք այլևս չեն ապրում իրենց հողերում»:
Հեղինակը կարևորում է դիվանագիտական մոտեցումը՝ միաժամանակ ընդգծելով միջազգային աջակցության նշանակությունը ռասայական խտրականության դեմ պայքարի գործում:
«Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի խախտումը կապված էր այլ պայմանական պարտավորությունների լուրջ խախտման հետ, ինչպես օրինակ՝ ռասայական խտրականության, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի արգելումը: Այս բոլորն էլ միջազգային անօրինական գործողություններ են»,- նշել է Ռ. Քալֆայանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ ստորև նշված հղումով։
Հիշեցնենք, որ Րաֆֆի Քալֆայանը և Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը մի շարք այլ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ապրիլի 22-23-ին Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին՝ Ադրբեջանի պարբերական զեկույցի դիտարկման վերաբերյալ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև։

