Օկուպացված Դադիվանքը Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական ու դիվանագիտական զենք
Monument Watch-ը ահազանգում է․ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Ադրբեջանը կազմակերպել էր հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների անդամների այցը բռնազավթված Արցախի Քարվաճառի շրջան: Դիվանագետներին ուղեկցում էր նախագահ Իլհամ Ալիևի օգնականը՝ Հիքմեթ Հաջիևը: 2020 թվականից ի վեր իրականացվող այս այցերը հաճախ ունենում են դիվանագետներին, ռազմական կցորդներին և միջազգային լրատվականներն Ադրբեջանի քաղաքական, ռազմական տեսլականը ներկայացնելու և հայկական կողմին որոշակի ուղերձներ տալու նպատակ: Բացառություն չէր նաև այս այցը, որի ընթացքում Ալիևի օգնականը Սարսանգի ջրամբարի մոտ առաջ տարավ այն թեզը, թե իբր հայերը «բնապահպանական մեծ վնաս են հասցրել տարածաշրջանին»: Այս թեզը առաջ է տարվում Բաքվում կայանալիք միջազգային բնապահպանական համաժողովին ընդառաջ:
Երկրորդ ուղերձը մշակութային էր և արվեց Դադիվանքում: Դեսպաններին և դիվանագետներին ներկայացվեց դեռևս 2020 թվականից տարածվող այն թեզը, իբր հայկական կողմը «ոչնչացրել է Ղարաբաղի մշակութային ժառանգության բազմաթիվ հուշարձաններ, հայկականացրել, կեղծել դրանք»: Որպես այդ թեզի կոնկրետ օրինակ Հաջիևը հայտարարեց, որ «Դադիվանքը և այլ հուշարձաններ վերականգնվելու են և իրենց նախնական տեսքն են ստանալու»:
Հաջիևի կողմից ընտրվել էր Դադիվանքը, քանզի 2020 թվականից ի վեր այստեղից սկսվեցին տարածվել աղվանա-ուդիական պատկանելության մասին կեղծ թեզերը (մանրամասն տես՝ «Ադրբեջանը Դադիվանքը հռչակում է ուդիական» , «Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում» հոդվածներում)։

