Եռաբլուրում մենք տանն ենք, որովհետև այստեղ են գտնվում մեր անբաժան մասնիկները․ արցախցի, զոհված զինծառայողի մայր
«Դժվար է խոսել իմ սեփական որդու ու ամբողջ մի մատղաշ սերնդի մասին անցյալով,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունն ասաց արցախցի, զոհված զինծառայողի մայր Զարինե Բաբայանը։- Այսօր մեզ բոլորիս այստեղ համախմբել է ընդհանուր վիշտը, անասելի ցավն ու կարոտը»։
«Եռաբլուրում մենք տանն ենք, այո տանն ենք, որովհետև այստեղ են գտնվում մեր անբաժան մասնիկները, այստեղ են մեր հարազատերը, եղբայրները, ամուսինները»,- նշեց տիկին Զարինեն։
Նա ցավով ասաց, որ արցախցիներին պատուհասած արհավիրքից մեկ տարի անց էլ շատերի զավակների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։
«2020 թվականից հետո ի վեր բախտավոր էին համարվում այն ծնողները, որոնց երեխաներն ունեն գերեզման, սակայն այսօր էլ շատ-շատերը հնարավորություն չունեն այցելելու իրենց զավակների գերեզմանը, խունկ ծխել, ծաղիկ խոնարհել»,- ասաց Զ. Բաբայանը։
Նա նշեց, որ յուրաքանչյուր արցախցու երազանքն է՝ մի օր վերադառնալ հայրենիք՝ Արցախ. «Մեր հերոսներին հայրենիք ենք պարտք։ Եկեք միաբանվենք, մի բռունցք դառնանք, որպեսզի մի օր կատարվի մեր երազանքը»։
Տեսանյութը՝ այստեղ

