ՍԴ-ն քննում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Կանոնակարգում նշվում է` գործընթացը հնարավոր է հետագայում, խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը։ Նույն օրը փաստաթուղթը ուղարկվեց Սահմանադրական դատարան։
Դատաքննություից առաջ ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հավաստիացրեց․ «Եթե խնդիր տեսանք, մի՛ կասկածեք, որոշումը կհրապարկվի, եթե խնդիր չտեսանք, ասելու ենք՝ խնդիր չկա: Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՝ ոչ»:
ՍԴ-ում դրական արձագանքից հետո փաստաթուղթը կուղարկվի ԱԺ՝ վավերացման:

