Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում և Ադրբեջանում չեն լինի

Վերջերս «Թյուրքական պետությունների կազմակերպությունը», միասնական թյուրքական այբուբենի հանձնաժողովի միջոցով, համաձայնություն էր ձեռք բերել առաջարկվող միասնական 34 տառանի թյուրքական այբուբենի շուրջ։  Սա հարցեր է առաջացրել, թե արդյո՞ք Թուրքիան կփոխի իր այբուբենը և կընդունի նորը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Ի պատասխան՝ Թուրքական լեզվաբանական ընկերության (TDK) նախագահ, պրոֆեսոր Օսման Մերթը ներկայացրել է այդ հարցի վերաբերյալ հիմնական մանրամասները և անդրադարձել ընդհանուր մտահոգություններին:

Միասնական թյուրքական այբուբենի գաղափարը նոր չէ։ Պրոֆեսոր Մերթը նշել է, որ այդ նախագիծը մշակվում է դեռևս 1926 թվականից և քննարկվել է տարբեր հանդիպումների ընթացքում: Այբուբենի համար պատասխանատու հանձնաժողովը պաշտոնապես ձևավորվել է «Թյուրքական պետությունների կազմակերպության» կողմից և իր ստեղծման օրվանից ակտիվորեն աշխատում է դրա վրա։ Նրանց նպատակն է մշակել միասնական այբուբեն, որը կարող է տեղավորել թյուրքական աշխարհի լեզվական բազմազանությունը:

Ինչ վերաբերում է պատմական նախապատմությանը, միացյալ թյուրքական այբուբեն ստեղծելու ջանքերը սկիզբ են առել 1926 թվականի Թուրքագիտության առաջին կոնգրեսից: Հետագայում որոշակի առաջընթաց է գրանցվել 1991 թվականին Թուրքիայում տեղի ունեցած աշխատաժողովում, որտեղ կոնսենսուս է ձեռք բերվել 34 տառերի շուրջ: Սակայն այն ժամանակ պաշտոնապես որևէ քայլ չի արվել։ Վերջերս հարցը մեծ թափ ստացավ, և երկու տարի առաջ Բուրսայում տեղի ունեցավ ընդհանուր թուրքական այբուբենի վերաբերյալ առաջին պաշտոնական հանդիպումը։ Այդ ժամանակից ի վեր բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել։

Չնայած մտահոգություններին, թե արդյո՞ք այս նոր այբուբենը կազդի ներկայումս գործածվող թուրքական  այբուբենի վրա, պրոֆեսոր Մերթը պարզաբանեց, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում և Ադրբեջանում չեն լինի։

Երկու երկրներն էլ կշարունակեն օգտագործել 29 տառերը, որոնք արդեն տարածված են մի քանի թյուրքական բարբառներում: Առաջարկվող 34 տառանոց այբուբենը շրջանակ է, որը ներառում է այլ թյուրքական պետությունների կողմից օգտագործվող տառերը, սակայն այն նախատեսված չէ փոխարինել Թուրքիայում գոյություն ունեցող այբուբենին: