Բայդենը՝ ՌԴ-ին հարվածների սահմանափակումը վերացնելու հնարավորության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինայի կողմից ամերիկյան հեռահար հրթիռների կիրառման արգելքը վերացնելու հնարավորությունը։
Երեքշաբթի օրը Սպիտակ տնից հեռանալիս լրագրողները Բայդենին հարցրել են, թե, արդյո՞ք, նա կվերացնի Ռուսաստանի տարածքին ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածելու սահմանափակումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հենց հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,- պատասխանել է նա:
Նման արգելքը գոյություն ունի պատերազմի և Կիևին ամերիկյան զենքի մատակարարումների սկզբից և կապված է Վաշինգտոնի այն մտավախության հետ, որ ուկրաինական հարվածները Ռուսաստանի խորքում կհանգեցնեն վտանգավոր էսկալացիայի ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ Եվրոպայում։
Վլադիմիր Զելենսկին բազմիցս դիմել է Սպիտակ տան կողմից արգելքը հանելու խնդրանքով, սակայն ամերիկյան վարչակազմը անդրդվելի է եղել։
Միայն Խարկովի մարզ ռուսաստանյան բանակի կրկնակի ներխուժումից հետո ԱՄՆ-ն թույլ տվեց Կիևին խոցել սահմանների մոտ գտնվող ռուսաստանյան թիրախները։
Պարզ չէ, թե ինչի հետ է կապված արգելքի ամբողջական վերացումը քննարկելու Սպիտակ տան պատրաստակամությունը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ պատերազմի յուրաքանչյուր փուլում ԱՄՆ-ն հետևել է, որ Ուկրաինան ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ պահին։
Ռազմաճակատի տարբեր հատվածներում ռուսաստանյան զորքերի ակտիվացումը, ինչպես նաև Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռների մատակարարումը Վաշինգտոնը նոր մարտահրավերներ և սպառնալիքներ է դիտարկում, որոնք էլ կարող են Բայդենի վարչակազմին ստիպել վերանայել նախկին որոշումները։

