Պետական գաղտնիքի մասին օրենսդրությունը խախտելու համար պատիժը խստացվում է. խախտումները կքննի ԱԱԾ-ն

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացման, ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելման ու վերացման, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանները բացառելու անհրաժեշտությամբ:

ԱԺ-ից հայտնում են, որ առաջարկվում է օրենսգրքում լրացնել նոր հոդված, որը պատասխանատվություն կնախատեսի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենսդրական առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Կառավարության ներկայացուցչի խոսքով ամփոփվել են գաղտնի տեղեկությունների գաղտնագրման, պահպանության, գաղտնազերծման, ոչնչացման, գաղտնի գործավարության, համակարգչային տեխնիկայի միջոցով դրանց փոխանցման ընթացակարգերին վերաբերող հիմնական խախտումները՝ դրանց համար նախատեսելով համաչափ տուգանք:

Նշվել է, որ տուգանքի չափը կարող է հասնել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև վեցհարյուրապատիկի՝ կախված խախտման տեսակից:

Նախագծով լրացվող իրավախախտումները քննելու է ԱԱԾ-ն, իսկ ԱԱԾ-ի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորությունը կվերապահվի ԱԱԾ տնօրենին: