ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Զապորոժիեի ատոմակայան, այնուհետև Կիևում կհանդիպի Զելենսկու հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում հանդիպում կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Մինչև Զելենսկու հետ հանդիպումը Գրոսին կայցելի Զապորոժիեի ատոմայական, որը ռազմական գործողությունների ընթացքում անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Զելենսկին նաև հայտնել է, որ պատերազմի այս փուլում հնարավոր չէ, որ Ուկրաինան ստանձնի ատոմակայանի վերահսկողությունը։
«Ավելի ապահով է, որ Ուկրաինան վերահսկի Զապորոժիեի ատոմակայանը, բայց առայժմ ռազմաճակատի տեսանկյունից ես նման հնարավորություններ չեմ տեսնում, իսկ այն հնարավորությունները, որ գոյություն ունեն, վտանգավոր են», – հայտնել է Զելենսկին տեսաուղերձում։

